Ամանորյա հրաշագործ Սանտա Կլաուսը դեկտեմբերի 24-ի կեսօրին սկսել է իր հոբելյանական 60-րդ համաշխարհային ճանապարհորդությունը, որպեսզի բոլորին շնորհավորի Սուրբծննդյան լուսավոր տոնի առթիվ և նվերներ բաժանի մոլորակի յուրաքանչյուր երեխայի: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի և Կանադայի հակաօդային պաշտպանության միավորված հրամանատարությունը (NORAD):

 

 

 

Սանտա Կլաուսը Երևանի ժամանակով ժամը մոտավորապես 13:30-ին իր նստավայրից Հյուսիսային բևեռ է մեկնել ինը եղջերուներով լծված սահմանակով: Հեքիաթային հերոսի սահնակի երկարությունը կազմում է շաքարե 75 ձողիկ կամ 150 կոնֆետ, լայնությունը՝ 40 ձողիկ կամ 80 կոնֆետ: Սահնակի բարձրությունը նույնպես կունֆետներով է չափվում, այն համարժեք է շաքարե 55 ձողիկի կամ 110 կոնֆետի, վերթիռ կատարելիս սահնակի քաշը 75 հազար սառնաշաքար է: Փոխադրամիջոցի առջև դրվել է ոչ դյուրին առաջադրանք՝ ամբողջ աշխարհի վրայով փոխադրել բավականին մեծ բեռ, քանի որ Սանտա Կլաուսն ինքը 117 կիլոգրամ է, իսկ նվերների քաշը չափվում է տասնյակ տոննաներով:

 

 

Ըստ ավանդույթի՝ սահնակը օդով տանում են ինը եղջերուներ, նրանց համար «վառելանյութ» են ծառայում չոր խոտը, գազարը և վարսակը: Ուղևորությանը նախորդել է մանրակրկիտ նախապատրաստությունը. Սանտան կերակրել է եղջերուներին, վերջին կարգադրություններն արել բարի ոգիներին և անձամբ հետևել նվերների փաթեթավորմանը: Սանտայի ուղևորությանը հետևում են ամերիկացի և կանադացի զինվորականները: Բացի այդ, բոլոր ցանկացողները Սուրբծննդյան ճանապարհորդությանը իրական ժամանակի ռեժիմով կարող են հետևել www.noradsanta.org կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: