Ձեզանից քչերը կարող են տեղյակ լինել, թե իշխանական հետնաբեմերում երբեմն ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում: Չնայած նրան, որ իշխանական թևը ներկայացնող գործիչները միավորված են ընդհանուր շահերով ու երբեմն նույնիսկ հարազատական կապերով, համարել, թե բոլորի առուները հոսում են միևնույն հունով, միամտություն կլիներ. ուր ինչ-որ բան կա կիսելու, այնտեղ գզվռտոցն անպակաս է:
Ասում են' հատկապես վերջին շրջանում բավական լարվել են Հովիկ Աբրահամյանի ու Գալուստ Սահակյանի հարաբերությունները: Թե ինչով է դա պայմանավորված, կարծես չի բարձրաձայնվում, բայց որ այստեղ ամեն բան չէ, որ իդեալական է, աստիճանաբար սկսում է պարզ դառնալ:
Բոլորովին վերջերս մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ամանորի շեմին Հովիկ Աբրահամյան-Գալուստ Սահակյան «դուելը» թևակոխել է նոր փուլ: Իսկ հարաբերությունների սրման այս նոր բռնկումը, պարզվում է, պայմանավորված է Աբրահամյանի կողմից ԱԺ աշխատակազմի նկատմամբ խտրական վերաբերմունքով. ԱԺ-ն այդպես էլ չկարողացավ վճարել սեփական աշխատակազմի 13-րդ աշխատավարձը' չնայած տևական ժամանակ էր, ինչ այդ ուղղությամբ ելքերի փնտրտուքների մեջ էր: Իսկ չվճարված ռոճիկի մեղավորը, պարզվում է, կառավարությունն է, որը փաստացի հրաժարվել է ստորագրել համապատասխան փաստաթղթի տակ՝ պատճառաբանմամբ, թե բյուջեն փող չունի: Չնայած Աբրահամյանի կողմից գլխավորած կառույցի «ժուժկալությանը»՝ նույն այդ կառավարությունը, պարզվում է, ամենևին էլ չի վարանել իր աշխատակազմին երկու անգամ 13-րդ աշխատավարձ տալ՝ ի պարգևատրում աշխատակիցների: Մեկը՝ նոյեմբերի վերջին, մյուսը՝ հիմա:
Այն պարագայում, երբ երկրում սոցիալական վիճակը ծայրահեղ սրված է, իսկ բնակչության մի ստվար զանգված էլ մի կերպ է քարշ տալիս սեփական գոյությունը (սա վերաբերում է նաև աշխատանք ունեցողներին), բանից պարզվում է՝ Հովիկ Աբրահամյանի կամակորությունների պատճառով տասնյակ քաղաքացիներ, որոնց ապրուստի միակ միջոցն աշխատավարձն է լոկ՝ ի տարբերություն նույն չինովնիկների, փաստացի զրկվել են իրենց միակ եկամտից: Ոմանց համոզմամբ' այս ամենը դիտավորյալ է կազմակերպվել Աբրահամյանի կողմից, որպեսզի Գալուստ Սահակյանի դեմ դուրս գան ԱԺ աշխատակիցներն ու ակամա սկսեն նրան ատել: Այս պարագայում, փաստորեն, Գալուստ Սահակյանը հայտնվել է քաղաքական զոհի կարգավիճակում, ինչի արդյունքում, սակայն, ֆինանսապես տուժում են հասարակ աշխատավորները:
Ընդ որում' տույժն այդ ոչ թե, ասենք, վերացական կամ զգացական բնույթ է կրում, այլ' միանգամայն շոշափելի. մարդկանց զրկում են սեփական քրտինքով վաստակածից: Պարզվում է նաև, որ աշխատակիցներն ԱԺ-ում խնդրել են պատգամավորներին իրենց արձակուրդայինը ստանալ հունվարին, իսկ եղած փողը տան որպես 13-րդ աշխատավարձ, սակայն հայրենի ընտրյալները կտրականապես մերժել են անել այդ:
Ամենևին էլ չմտահոգվելով որևէ պաշտոնյայի' հասարակության շրջանում ունեցած վարկով' կցանկանայինք նկատել միայն, որ այս ողջ էպոպեայի արդյունքում' միակ իրական տուժող կողմ է դառնում հասարակ ժողովուրդը: Իրար հետ հարաբերություններ ունեք պարզելու՝ պարզե՛ք, ի՞նչ եք էս խեղճ մարդկանց «փուռը տալիս»: Գնացե՛ք մի քոլ տեղ ու վերակենդանացնելով,ասենք, դարեր առաջվա ավանդույթը՝ ինչքան ուզում եք' «դուելներ» կազմակերպեք, միայն թե ձեր անիմաստ վիճաբանությունը, որի հիմքում, վստահ ենք, ամենևին էլ ընկած չեն ազգանպաստ նախագծերի վերաբերյալ ձեր ունեցած տեսլականների բախման արդյունքում ի հայտ եկած հակասությունները, մարդկանց վզին մի՛ փաթաթեք. առանց այն էլ օրներս մի օր չի, մնում էր հիմա էլ չինովնիկների անձնական վեճերի պատճառով զրկանքներ կրեինք…
Այսքանից հետո մնում է միայն խաղաղություն մաղթել մեր հակամարտ կողմերին ու սթափության կոչ հնչեցնել՝ հիշեցնելով նրանց, որ պետական կառավարման համակարգում լրջագույն պաշտոններ զբաղեցնելը նախևառաջ ենթադրում է լրջագույն պատասխանատվություն, ինչն էլ, իր հերթին, ի սկզբանե բացառում է այնպիսի քայլերի հավանականությունը, որոնց հիմքում ընկած կլինեն անձնական դրդապատճառները: Խաղաղություն ձեզ…
Դավիթ Բաբանով