Ադրբեջանի Բեյլագանի շրջանում կախվելով ինքնասպանություն է գործել 11-ամյա դպրոցական Գարա Աղաևը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: Ինքնասպանության պատճառների մասին դեռևս հայտնի չէ:
APA լրատվական գործակալությունը հայտնել է, որ նման դեպք տեղի է ունեցել նաև Բարդայի շրջանում: Սեփական տանը կախվելով՝ ինքնասպանություն է գործել 16-ամյա Այթաջ Սուրխայլըն: Այս միջադեպի առնչությամբ շրջանային դատախազությունում քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' Ադրբեջանում 2016 թվականի սկզբից մինչ օրս արդեն 10 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ 2015 թվականի ընթացքում 260-ից ավելի ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնցից 14-ն անչափահասներ են եղել:
2015 թվականի ընթացքում Ադրբեջանում քաղաքացու ինքնահրկիզման դիմելու 19 դեպք է տեղի ունեցել, որից 11-ը մահվան ելքով ավարտ են ունեցել:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 5, հայրասպանության 7, հարազատների՝ միմյանց սպանության 20 և ամուսինների՝ միմյանց սպանության 20 դեպք է տեղի ունեցել: