Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում ահաբեկչական հարձակում է իրականացվել երկրորդ հյուրանոցի վրա: Այս մասին հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարին: Նախնական տեղեկություններով՝ ահաբեկիչները հարձակվել են «Yibi» հյուրանոցի վրա:
Ընդ որում, Ուագադուգուում գրավված առաջին հյուրանոցի գրոհն ավարտվել է: Դրա ընթացքում ուժայինները փրկել են 126 պատանդների և ոչնչացրել երեք հարձակվողների:
Հիշեցնենք, որ «Splendid» հյուրանոցի վրա հարձակումը սկսվել է հունվարի 15-ի երեկոյան՝ մեքենա է պայթել Ուագադուգուի կենտրոնում: Այնուհետև զինված տղամարդկանց մի խումբ ներխուժել է հյուրանոց և հրաձգություն է սկսվել: Ենթադրվում է, որ այդ ժամանակ հյուրանոցում կար մոտ հարյուր մարդ: Հյուրանոցը հայտնի է եվրոպացի զբոսաշրջիկների և ՄԱԿ-ի աշխատակիցների շրջանում:
Զինյալները հայտարարել են, որ սպանել են 30 պատանդներին և ահաբեկչությունը Ֆրանսիայից վրեժ անվանել: Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական Մահրիբի երկրներում Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը: