Հայոց ազգային բանակն ստեղծվեց ծանրագույն պայմաններում' ընթացող պատերազմին զուգահեռ և ստեղծվեց երկրապահ կամավորական ջոկատների հենքով: ԵԿՄ-ն իրավամբ համարում է, որ բանակն իր զավակն է: Ուստի և երկրապահները, ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությամբ, շարունակ Հայաստանի և Արցախի սահմանամերձ զորամասերում են, դիրքերում: Բանակի օրվա կապակցությամբ էլ տոնական միջոցառումներ էին կազմակերպվել ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում: Երկրապահները Հայաստանում, Արցախում, արտերկրում խոնարհվել են բոլոր եղբայրական գերեզմաններում և բանակին ու Արցախյան հաղթանակին նվիրված բոլոր հուշարձանների մոտ: Մինչ տարածքներ մեկնելը, ողջ երկրապահական ընտանիքը ծաղիկներ է խոնարհել ԵԿՄ վարչության շենքում կանգնեցված Սպարապետի կիսանդրիին և ԵԿՄ վարչական շենքի բակում կանգնեցված Ի փառս հայոց բանակի խաչքարին: Երկրապահական եռասերունդ ընտանիքն այցելեց նաև «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող Գրետա մայրիկին' Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը: Երկրապահները Գրետա մայրիկին առողջություն մաղթեցին ու փոխանցեցին ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հետևյալ շնորհավորական ուղերձը:
«ՀԱՅՈՑ ՄԵԾ ՄԱՅՐԻԿԻՆ
Սիրելի´ Գրետա մայրիկ.
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բանակի օրվա կապակցությամբ:
Բանակն ստեղծվել է երկրապահ կամավորական ջոկատների հենքով, հայոց ազգային բանակի հիմնադիրը նույն ինքը Երկրապահի հիմնադիր, մեր սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանն է: Բանակը մեր պետության ամենակայացած կառույցներից է, Բանակի տոնն էլ մեր ազգային տոնացույցի ամենահպարտ ամսաթվերից:
Եռասերունդ Երկրապահի, երկրապահ հայ ազգի անունից, շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, հայ ազգի Մեծ մայրի´կ, որ մեր ժողովրդին Սպարապետ եք պարգևել, Սպարապետ, որ հայոց մերօրյա հաղթանակների կազմակերպիչն ու ոգեշնչողը հանդիսացավ: Այս տոնական օրվա կապակցությամբ Երկրապահը Եռաբլուրում, բոլոր եղբայրական գերեզմաններում խոնարհվել է Սպարապետի, Արցախյան ազատագրական պատերազմի նահատակ քաջերի շիրիմների առջև' նրանց ևս շնորհավորելով իրենց ստեղծած հաղթական ու հզոր Բանակի օրվա կապակցությամբ:
Երիցս շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ' մաղթում եմ Ձեզ, Գրետա մայրի´կ, առողջություն, երջանկություն, մեր բանակին և սահմանապահ զինվորներին' բարի ծառայություն, մեր երկրին' խաղաղություն»: