Մի խումբ երիտասարդներ ու բնապահպաններ այսօր կառավարության շենքի մոտ, ընդդեմ Սյունիքի մարզի արոտավայրերն իրանական կողմին վարձակալությամբ հատկացնելու նախաձեռնության, բողոքի ակցիա անցկացրեցին:
«Ոչ անապատացնող անասնապահությանը», «Սյունիքը ձեր համար արոտավայր չէ», «Քոչվոր անասնապահները Սյունիքում անելիք չունեն» բովանդակությամբ պաստառները պարզած' ցուցարարները կառավարությանը կոչ են անում հետ կանգնել հայկական արոտավայրերն Իրանի Արևելյան Ատրպատական նահանգին վարձակալությամբ տրամադրելու մտադրությունից:
«Մեր պահանջն է, որ այդ ապօրինի և մեր շահերից չբխող գործարքը վիժեցվի: Կատաստորֆիկ հետևանքներ է ունենալու 50 հազար հեկտար արոտավայրերը վարձակալությամբ Իրանին հանձնելը: Բնապահպանական տեսանկյունից խնդիրներ կլինեն, դա նաև դեմոգրաֆիական խնդիրներ կառաջացնի: Մենք շատ լավ հասկանում եմք, թե ովքեր են Արևելյան Ատրպատականում զբաղվում ոչխարաբուժությամբ: Դա ստեղծելու է անվտանգության խնդիրներ, քանի որ դրանով ստեղծում ենք օտար օղակներ Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիքում»,- նշեցին ցուցարարները: Նրանք ասում են, որ արոտավայրերի մեկ հեկտարը 26 դոլար վարձակալության գնով իրենք պատրաստ են վարձակալել կառավարության շենքը. «Գոնե այն փաստը, որ կառավարության անդամները չեն աշխատի որոշ ժամանակ, օգուտ կբերի մեր հայրենիքին»:
Նշենք, որ Սյունիքի մարզից բացի, քննարկվել է նաև Վայոց Ձորի մարզից իրանական կողմին արոտավայրեր հատկացնելու հարցը: Ի պատասխան բնապահպանների հարցման' օրերս Վայոց Ձորի մարզպետարանից տեղեկացրել են, որ «Վայոց Ձորի մարզպետի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էյ ընդ Էմ Ագրո ՍՊԸ-ի ներկայացուցինչները ցանկություն են հայտնել ներդրումներ իրականացնել Գողթանիկ համայնքում, և անհրաժեշտ արոտավայրերի տարածքները պետք է համապատասխանեն կազմվող ծրագրի ծավալներին, սակայն կոնկրետ քննարկումներ չեն եղել»: