Այսօր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր' համաձայն որի «Յուքոմ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ազգային օլիմպիական պատվիրակության գլխավոր աջակիցը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ընթացքում:

 

«Մենք բազմիցս աջակցություն ենք ցուցաբերում մեր երկրի մշակույթին, սպորտին և կրթությանը: Սա շարունակական բնույթ կրող մի ակցիա է, որով «Յուքոմ» ընկերությունը 2016 թվականի ամբողջ ընթացքում սատար է կանգնելու հայ մարզիկներին Օլիմպիական խաղերի ընթացքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

 

Համագործակցության շրջանակներում կիրականցավի համատեղ միջոցառումների կազմակերպում, ակտիվորեն կլուսաբանվեն հայկական պատվիրակության բոլոր խաղերն ու մրցարշավները:

 

Հայկ Եսայանը հույս ունի, որ տարեցտարի մեր երկիրը հաջողություններ է գրանցելու' շնորհիվ համախմբվածության: Նրա խոսքով' ընկերությունը կսատարի նմանատիպ միջոցառումների կազմակերպմանը, որպեսզի մենք կարողանանք տեսնել աշխարհը, իսկ աշխարհը տեսնի մեզ:

 

Հրաչյա Ռոստոմյանն էլ իր հերթին կարևորեց այս համագործակցությունը, որով ի վերջո հայկական ընկերությունները կանգնում են սպորտի կողքին: Վստահ է, որ այս համագործակցությունն իր պտուղները կտա: