Էջմիածինն ու Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքը համագործակցության հուշագիր կնքեցին: Այս նպատակով երկօրյա պաշտոնական այցով Էջմիածինը հյուրընկալել էր Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ալլա Գինակի գլխավորությամբ:
Կողմերը նպատակ ունեն զարգացնել համագործակցությունը մշակույթի, կրթության եւ գիտության, բնակչության սոցիալական ապահովության, առողջապահության, տեղական կառավարման, էկոլոգիայի, քաղաքային տնտեսության, սպորտի, տուրիզմի բնագավառներում:
Սույն համաձայնագրով, կողմերը պարտավորվում են աջակցել եւ օժանդակություն ցուցաբերել քաղաքային հաստատությունների, կազմակերպությունների, ձեռնարկություների եւ մասնագետների միջեւ գործունեության տարբեր ոլորտներում ուղիղ կապեր հաստատելուն: Այցի շրջանակներում պատվիրակության անդամների համար քաղաքապետարանը ճանաչողական շրջայց է կազմակերպել:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Մայր Տաճար, Էջմիածնի պատմաազգագրական թանգարան եւ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան, Զվարթնոց տաճար, ինչպես նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Հյուրերին ընդունել է նաև Վեհափառ Հայրապետը: Գարեգին Բ Կաթողիկոսը կարեւորել է Էջմիածնի եւ Բելգորոդ-Դնեստրովսկիի միջեւ ծրագրվող գործակցությունը տարբեր ոլորտներում՝ նշելով, որ այն կնպաստի երկու երկրների միջեւ առկա բարի ավանդույթների առավել ամրապնդմանն ու կապերի զարգացմանը:
Հ.Գ. Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի կողմից, 2013 թվականին, հայ համայնքին է վերադարձվել պատմամշակությաին հուշակոթող Սբ. Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցին` կառուցված 14-15դդ, որը ներկայում վերականգնման փուլում է: