51-ամյա Հովհաննես Մանուկյանը Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում հայհոյել է բորտուղեկցորդներին: Մալաթիա-Սեբաստիայի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն' 51-ամյա Հովհաննես Մանուկյանը 2012թ. դեկտեմբերի 30-ին, լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, Մոսկվա-Երեւան չվերթն իրականացնող օդանավում, վայրէջքից մոտ 1 ժամ առաջ, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն հայհոյել է բորտուղեկցորդներին: Ընթացքում նա հասարակության նկատմամբ դրսեւորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք, ինչի հետեւանքով ժամանակավորապես խափանվել է չվերթն իրականացնող աշխատակիցների բնականոն աշխատանքը:
Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Փետրվարի 11-ին որոշումն ուղարկվել է կողմերին:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: