«Հայազն» կուսակցությունը փետրվարի 19-ին նախատեսում է անցկացնել համաժողով։ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը նշեց, որ իրենք հանրային առաջարկ ունեն և այդ օրը ներկայացնելու են։

 

«Խորհրդաժողովին մենք ներկայացնելու ենք մեր առաջարկը համակիրներին: Առաջարկությունը վերաբերում է ազգային-պետական ճգնաժամի հաղթահարմանը, այդ նպատակով քաղաքական խորհրդի ընտրության, ինչպես նաև ընտրությունների հետ կապված ազգային ընդդիմության միասնական ցուցակ կազմելու կարգեր ենք առաջարկելու: Խորհրդաժողովի ժամանակ դրանց հիմնավորումներն են ներկայացվելու»,- մանրամասնեց կուսակցության վարչության անդամը։

 

Նրա խոսքով՝ սա իրենց կողմից հանրային առաջարկ ներկայացնելու առաջին քայլն է, հետագայում այդ առաջարկով հանդես են գալու մարզերում։

 

«Մյուս կազմակերպությունների հետ ևս այս առաջարկը քննարկելու ենք, մինչև ճշտվի բոլոր մասնակիցների ցանկը, և գործընթացը մեկնարկի: Ես հիմա չեմ կարող ավելի մանրամասն ներկայացնել, ամեն ինչ պարզ կլինի համաժողովի ժամանակ, որի մուտքն ազատ է»,- ասաց Արմեն Աղայանը։ Նա հավելեց, որ իրենք ոչ թե հրավիրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին, այլ իրենց համակիրներին, որոնց հետ պատկերացնում են հետագա պայքարը։

 

Իսկ թե ռեալ ինչ քայլեր են կատարվելու, ինչ մեխանիզմներով են պատկերացնում իրենց հետագա պայքարը, Արմեն Աղայանն այս պահին դժվարացավ պատասխանել: «Ավելի մանրամասն հիմա չեմ կարող ասել, համաժողովի ժամանակ ամեն ինչ պարզ կլինի, ամեն ինչի մասին կխոսենք»:

 

Խորհրդաժողովը տեղի կունենա փետրվարի 19-ին՝ ժամը 13.00-16.00, Կոնգրես հյուրանոցում: Մուտքն ազատ է:

 

Քրիստինա Աղալարյան