Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի արդյունքում Շիրակի մարզի կառավարումը հանձնվեց ՀՅԴ-ին։ Մարզը կղեկավարի Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը, ով 2012 թվականին իր թեկնածությունն էր առաջադրել քաղաքապետի ընտրություններում։ Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։

 

 

- Պարո՛ն Համբարյան, եթե չեմ սխալվում, Ֆելիքս Ցոլակյանը միակ մարզպետն էր, ում պաշտոնանկությունը գյումրեցիները և մարզի բնակիչները չէին ուզում:



- Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ, այո, այդ հարցը եղել է։ Բժիշկները, Գյումրիի մտավորականները, գյուղապետերը ԶԼՄ-ների միջոցով կարելի է ասել՝ մեսիջ էին ուղարկել իշխանություններին, որպեսզի մարզպետը չփոխվի։ Ես, իհարկե, ՀՅԴ-ի դեմ ոչինչ չունեմ։ Ես՝ որպես պատմաբան, հարգում եմ այդ կուսակցությանը, ես համարում եմ, որ ՀՅԴ-ի շնորհիվ է, որ մեր բազմահազար հայ գաղթականները Եվրոպայում, ԱՄՆ-ում և Մերձավոր Արևելքում պահպանեցին իրենց ազգային պատկանելությունը և չմոռացան իրենց լեզուն, բայց այստեղ խնդիրն այլ է։ Իրենք շատ լավ գիտեն, որ Շիրակի մարզը շատ խնդրահարույց մարզ է, Շիրակի մարզը լիովին տարբերվում է Հայաստանի մյուս մարզերից, Շիրակի մարզն ունի շատ մեծ խնդիրներ։ Ես համոզված եմ, որ իրենք չեն կարող այդ խնդիրներից դուրս գալ։

 

 

Իշխանությունները «գլխառադ» արեցին Շիրակի մարզը, Դաշնակցականներն էլ կոպիտ սխալ գործելով՝ ընդունեցին այն։ Վաղը-մյուս օրը նույն ՀՀԿ-ն կարող է ասել, որ մենք այնքան էլ մեծ պարտականություններ չունենք Շիրակի մարզի հանդեպ, որովհետև մարզպետը ՀՅԴ-ական է, թող ինքն էլ գործի։ Իհարկե, ես շատ ուրախ կլինեմ, որ նորանշանակ մարզպետին հաջողվի սփյուռքից Շիրակի մարզ բերել մի քանի հանրաճանաչ, հարուստ ՀՅԴ-ական գործարարի, ովքեր ներդրումներ կկատարեն և կապացուցեն, որ ՀՅԴ-ն կարող է թեկուզ լոկալ առումով, որևէ գործ կատարել։ Եթե իրենք այդ ծրագրով են գալիս, ապա բարի գալուստ նրանց, բայց եթե իրենք եկել են ընդամենը բավարարվելու իշխանությունների կողմից տրամադրված դոտացիաներով կամ գումարներով, ապա դա շատ վատ հետևանքներ կունենա ՀՅԴ-ի համար։ Նրանք դրա օրինակն ունեն։ Իրենք ունեցել են մարզպետ՝ Ռոմիկ Մանուկյանը, ում քաղաքական վախճանը շատ վատ եղավ։ Այնքան վատ, որ երբ ՀՅԴ-ն նորից առաջարկել էր Ռոմիկ Մանուկյանի թեկնածությունը մարզպետի պաշտոնում, Սերժ Սարգսյանը չէր ընդունել։ Իրենք դա շատ լավ գիտեն։ Սա նրանց համար խնդիր է։ Իրենք գնացել են վաբանկ. կա՛մ իրենք շատ մեծ քայլեր են կատարում, որպեսզի Ֆելիքս Ցոլակյանից հետո ժողովուրդն ավելի լավ հիշի Շիրակի մարզպետին, կա՛մ իրենք շատ վատ վախճան են ունենալու։

 

 

- Այսինքն՝ ստացվում է իշխանությունները մարզպետին փոխեցին՝ առանց բնակչության կարծիքը հաշվի առնելո՞ւ։



- Մարզպետ փոխելը, իհարկե, իշխանությունների մենաշնորհն է, բայց միևնույն ժամանակ ես շատ զարմացած եմ, որ առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու՝ մարզպետ են փոխում։ Մարզպետ փոխելը սթրես է ամբողջ մարզի համար։ Մարզպետը մինչև գա և ադապտացվի, 2-3 ամիս ամենաքիչը ժամանակ է պետք։ Լավ կլինի, որ իշխանություններն ապագայում մարզպետ փոխելու դեպքում հասարակության կարծիքը հաշվի առնեն։ Չպետք է մոռանալ, որ Շիրակի մարզում է գտնվում Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ խոշոր քաղաքը։

 


- Պարոն Համբարյան, նորանշանակ մարզպետին Դուք ճանաչու՞մ եք։



- Ես անձնապես նրան ճանաչում եմ այնքանով, որ բարև ենք տալիս իրար ու վերջ։ Ճանաչում ենք՝ որպես քաղաքի մարդ։ Ինքը շատ խելոք, շնորհքով մարդ է, բայց խելոք, շնորհքով մարդը կարող է շատ լավ մարզպետ լինել կամ՝ շատ վատ: Դա արդեն կախված է իր ունակություններից։

 

 

- Գյումրին մոտ 6 տարի ղեկավարել են ուժային կառույցների գեներալներ։ Գեներալներից անցումը ֆինանսիստի ինչպիսի՞ն կլինի՝ ըստ Ձեզ։ Նրա ունակությունները կբավարարե՞ն պայքարել մարզում հեղինակությունների դեմ, ինչպես անում էր Ցոլակյանը։



- Այստեղ խնդիրը հետևյալն է։ Եթե մեր գեներալ մարզպետերը, ունենալով համապատասխան ինֆորմացիա, կարողանում էին լեզու գտնել քաղաքի հեղինակությունների հետ, ոչ միայն քրեական, ապա հիմա, ես չգիտեմ՝ Հովսեփ Սիմոնյանին կհաջողվի՞ դա անել, թե՞ ոչ։ Դա նաև մարդու ունակություններից է կախված, կառավարման հմտությունից։ Մեր վերջին մարզպետին՝ Ֆելիքս Ցոլակյանին, դա հաջողվում էր: Ինքը կարողացավ զսպել նախկին և ներկա գործիչներին, ովքեր կարող էին սանձարձակ պահվածք դրսևորել մարզում։ Բոլորը հաշվի էին նստում մարզպետի հետ։ Ասեմ, որ 2003-2006 թվականներին մարզը ղեկավարած Ռոմիկ Մանուկյանին դա բացարձակ չհաջողվեց։ Եվ ոչ միայն չհաջողվեց, ընդհակառակը՝ ինքը ավելի սրեց իրավիճակը միջանձնային հարաբերություններում։

 

 

Քրիստինա Աղալարյան