Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ երեկ Երվանդ Զախարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվել Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը: Այս նշանակումը մեծ արձագանք ստացավ «Նաիրիտ» գործարանի ներկա և նախկին աշխատակիցների շրջանում, քանի որ վերջիններս պայքարում են գործարանի վերագործարկման համար: Այժմ, նաիրիտցիները պատրաստվում են նոր նախարարի հետ բանակցություններ իրականացնել։ Թե ինչքանով այդ, այսպես ասած, «համագործակցությունը» կստացվի կամ ինչ սպասելիքներ ունեն նրանք նոր նախարարից, ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց պարզել հենց նաիրիտցիներից։

 

Նրանցից Նորայր Մելիքյանը հակիրճ պատասխանեց, թե ինչ սպասելիքներ ունեն նոր նախարարից: «Գրչի գույնը փոխելով՝ գրածի բովանդակությունը չի փոխվում»,- նշեց նա։

 

Նախկին աշխատակիցներից Արփի Թագոյանը նշեց՝ «Նաիրիտի» հետ կապված ցանկացած որոշում կախված է Սերժ Սարգսյանից։ «Նախորդի հետ ոչ ոք չէր համեմատվի, կեղտոտ գործերի մեջ հին ու փորձված գայլ էր նա։ Ներկա նախարարի մասին դեռ ոչ մի բան չգիտեմ, ուղղակի կարծում եմ, որ այնուամենայնիվ, ցանկացած որոշում՝ կապված «Նաիրիտի» հետ, կախված է նախագահից, իսկ Յոլյանը, ասում են, մտերիմ է նախագահի հետ։ Չգիտեմ՝ էդ ինչքանով է լավ մեր դեպքում։ Առաջիկայում ավելի հստակ կասենք, թե ինչ սպասելիքներ ունենք, քանի որ դեռ չենք շփվել, չենք լսել, թե ինչ դիրքորոշում ունի նորանշանակ նախարարը կապված «Նաիրիտի» հետ։ Դե մենք էլ պիտի ցույց տանք, որ կանք ու լինելու ենք էնքան ժամանակ, մինչև չսկսվեն ռեալ ու գործնական քայլեր «Նաիրիտի» ուղղությամբ»,- ասաց գործարանի նախկին աշխատակիցը։

 

Մեկ այլ աշխատակից՝ Տիգրան Մինասյանն էլ ասաց՝ իրենցից «պրծում չունեն». «Մենք հոգնել չունենք, հա գնալու ենք, գանք, մեկ ա, մեզնից պրծում չունեն»։

 

Ընդհանուր առմամբ, նաիրիտցիները վստահ են, որ նոր նախարարը ևս հրաման կատարող է լինելու։ Վերջում հավելենք, որ մարտի 3-ին գործարանի նախկին աշխատակիցները հավաքվելու են Ազգային ժողողի դիմաց, այնուհետև երթով շարժվելու են դեպի նախարարություն։

Քրիստինա Աղալարյան