«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Թուֆենկյան համալիրում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: ԱՄՆ դեսպանը հավանաբար Հ. Աբրահամյանի հետ քննարկել է նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Չէ՞ որ նա Սերժ Սարգսյանի շտաբի պետն է: Բայց այդ հանդիպումն ուշագրավ է այն առումով, որ ԱՄՆ դեսպանատունը, նույնն է՝ թե Ամերիկան, առանձնապես չի ընդունում Հ.Աբրահամյանին որպես ԱԺ նախագահ և նրան համարում է Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի մի մասը:
Հիշեցնենք, որ WikiLeaks կայքը ՀՀ այլ պաշտոնյաների հետ միասին նաև Հ. Աբրահամյանին է անդրադարձել: Երևանում ԱՄՆ դեսպանատնից Վաշինգտոն ուղարկված հաղորդագրության մեջ այսպիսի գրառում կար. ««Մուկ» մականվամբ (նկատի է առնվել նրա կարճահասակ լինելը) հայտնի Հովիկ Աբրահամյանին բազմիցս մեղադրել են հօգուտ Քոչարյանի խարդավանքներ իրականացնելու մեջ, այդ թվում՝ նաև 1998 և 2003 թվականների ընտրությունների ժամանակ։ Մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ որպես նոր «սուպերնախարար» Աբրահամյանը կարող է հակակշռի դեր ծառայել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և ավելի քիչ չափով շտաբի պետ Մանուկ Թոփուզյանի հանդեպ բարյացակամ տրամադրված զանգվածի դեմ։ Դա համապատասխանում է Քոչարյանի շահերին, ով դրանով ցանկանում է կառավարությունում պահպանել իշխանության հանդեպ բարյացակամ տրամադրվածների նուրբ հավասարակշռությունը և, ըստ էության, ապահովել այն, որ ոչ մի ֆիգուր գերակա դիրքեր չունենա կառավարությունում։ Քոչարյանն Աբրահամյանին ավելի շատ է վստահում, քան՝ վարչապետին»։
Ուշագրավ է, որ ոչ ԱԺ-ից, ոչ ԱՄՆ դեսպանատնից Հ. Աբրահամյանի ու Ջ. Հեֆերնի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել: Եվ չի բացառվում, որ սա նրանց առաջին հանդիպումը լինի: