Անահիտ Բախշյանը նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին չի խնդրել, որ նա անդամագրվի «Ժառանգություն» կուսակցությանը: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Ի դեպ,Անահիտ Բախշյանը Վարդան Սեդրակյանի ուսուցչուհին է եղել եւ 6-7-րդ դասարաններում նրան ֆիզիկա է դասավանդել:
Անահիտ Բախշյանի խոսքով' ինքը Վարդան Սեդրակյանի քույրերի ուսուցչուհին է եղել եւ վերջինս քույրերի շվաքի տակ չերեւացող տղա է եղել: «Հետո է Վարդանը Վարդան դարձել: Մի խոսքով ինքը չերեւացող տղա էր»,- ասաց Անահիտ Բախշյանը, հավելելով, սակայն, որ Վարդան Սեդրակյանի ընտանիքին շատ լավ է հիշում: «Լավ հիշում եմ թե հորը, թե մորը, թե ավագ քույրերին: Հայրն աշխատող մարդ էր, մայրը' բուժքույր: Իսկ քույրերը շատ խելացի սովորող աղջիկներ էին: Իմ շատ լավ աշակերտուհիներն են եղել»,- ավելացրեց Անահիտ Բախշյանը:
Ավելի վաղ Վարդան Սեդրակյանը ասել էր, որ Անահիտ Բախշյանն իրեն առաջարկել է մտնել «Ժառանգություն» կուսակցության մեջ, սակայն ինքը չի համաձայնել: «Ես Րաֆֆի հովհաննիսյանին երբեւէ որեւէ հերոսի հետ չեմ կապել: Թող գա բանավեճի, ես մանրամասն պատմեմ, թե ով է ում հրավիրել, առաջարկել մտնել «Ժառանգություն»: Թող գա նստենք, խոսենք, ասենք, ովքեր են եղել այդ հանդիպմանը ինձնից եւ իրենից բացի»,- ասել էր Վարդան Սեդրակյանը: