Նախընտրական քարոզարշավի 26 օրերի ընթացքում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հասցրել է հասկանալ, որ հայ ժողովուրդը հավատում է մեր պետության ապագային, որ ճակատագրապաշտությամբ, օտարվածությամբ խնդիր չի լուծվում: «Կարծում եմ, որ հայ ժողովուրդը պատրաստվում է ոչ թե իմ հաղթանակին, այլ պետք է ունենանք 20 տարվա մեջ հայ ժողովրդին պատկանող իշխանություն, և այս 26 օրը ինձ հույս է տվել, որ պետք չէ հայ մարդը հույսը կտրի: Ես երբեք չէի մտնի այս անհավանական անհավասար պայքարի մեջ, եթե վստահ չլինեի, որ հայ ժողովուրդը կժայթքեր, հաղթանակ կբերեր: Իմ ցանկությունն է, որ հայ ժողովուրդն իր հուսալքությունը չապրի»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանն ունի բարոյական մեծ կերպար, և եթե կարողանա խոսքն ու գործը մեկ անել, «ոչ» ասել պարտադրանքին, փողին ու հանձնարարականներին, փետրվարի 18-ին կտոնենք հայ ժողովրդի հաղթանակը: Խոսքը, ըստ Հովհաննիսյանի, Սերժ Սարգսյանի պարտության մասին չէ, այլ ժողովրդի հաղթանակի:
Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է բազմաթիվ խախտումների մասին. «Պետական շենքերի չարաշահում Ապարանի հիվանդանոցում, Տեղ գյուղի գյուղապետարանում, Ազատանի ընտրատեղամասում և հարյուրավոր այլ օրինակներ: Մենք ունենք տեսանյութ, որ ցույց է տալիս Երևանի դպրոցներում ինչպես են ուղղորդում ուսուցիչներին: Կա վերևներից եկած հրաման: Մենք գտնվում ենք կուսակցապետական վիճակի մեջ, կա ճնշումը: Ի պատիվ գործող նախագահի՝ Տեղ գյուղից հանվել է պաստառը, Ապարանի հիվանդանոցից՝ ևս: Նման հարյուրավոր օրինակներ կան, ուրեմն ինչ, ես պետք է գնամ տեսնեմ, նոր հանե՞ն: Ուշ է, ուշացած»:
Րաֆֆի Հովհաննիսյանը գոհ է լուսաբանումից, դժգոհ՝ պայքարի անհավասարությունից, զինվորներին, ուսուցիչներին ուղղորդելուց: Եվ եթե այս ամենը չկարգավորվի, Սերժ Սարգսյանն է կրելու պատասխանատվությունը «արջի ծառայություն» մատուցողների փոխարեն:
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը օրերս մեղադրել էր նախագահի մյուս թեկնածուներին՝ իր մահափորձին հաջորդած օրերին քարոզարշավը չդադարեցնելու մեջ: Րաֆֆի Հովհաննիսյանը եթերով պատասխանել է Պարույր Հայրիկյանին՝ ասելով, որ հանդիպել է Հայրիկյանին, մաղթել առողջություն, սակայն ընտրությունները հետաձգված չէին, իսկ քարոզարշավին հատկացված օրերը այնքան քիչ, որ չէր կարող չօգտագործել:
Նախագահի մյուս թեկնածու Վարդան Սեդրակյանը Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա ամերիկաբնակ հորը՝ Ռիչարդ Հովհաննիսյանին մեղադրել էր մասոնական կազմակերպությունների հետ կապ ունենալու և Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու մեջ: Այս առիթով էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ նախ դա սուտ վկայություն է, և պետք է դատախազությունը դա հաշվի առնի: «Մասոնականությունը, չգիտեմ, լավ է թե վատ, բայց ես ու հայրս մասոնական չենք, և եթե որևէ մեկը փաստ ունի, որ իմ կյանքի որևէ հանգրվանում բռնություն եմ գործել որևէ մարդու նկատմամբ, թող իր մտահոգությունը հայտնի: Այդ մարդը ժամանակին ուզում էր իմ ընտրագրավը վճարել, թող ավելի լավ է մտածի, թե ինչ ընտրագրավ վճարի: Հորս՝ Ռիչարդ Հովհանիսյանի, որ հայ դատի և հայոց պատմության ռահվիրան է, նրա հասցեին նման բան ասելը արդեն ավելի վատ է, քան սուտ վկայությունը: Սա դատապարտելի է թե օրենքի, թե հայ ժողովրդի առջև: Ես այդ մարդուն հանդիպել եմ 10-12 տարի առաջ՝ Անահիտ Բախշյանի միջոցով, և ինքը փորձում էր իր սերտած էպոսի կերպարներից մեկը ինձ վերագրել: Ես ասացի, որ էպոսը ինձանից բարձր է»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն էլ վերջին մի քանի օրերին հայտարարել է, թե ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև մյուս հիմնական թեկնածուներն են հրաժարվել իր հետ բանավեճից: Այս առիթով Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Հրանտ Բագրատյանի բանավեճի հրավերին տեղյակ չեմ: Առաջին անգամ եմ լսում: Ընդհակառակը, մենք ունենք այն մոտեցումը, որ հիմնական ախոյանը գործող նախագահն է, և պետք է ընդդիմադիր այլընտրանքային թեկնածուները ոչ թե իրար քննադատեին, այլ դե յուրե նախագահ ունենալու վրա կենտրոնանային: Փորձ եղավ «Ազատություն» ռադիոկայանի կողմից կազմակերպել բանավեճ, ես ասացի՝ եթե Պարոն Սարգսյանը կա, ես ցանկացած ձևաչափով կմասնակցեմ: Հրանտ Բագրատյանի հետ մենք այնքան ենք խոսել և հանդիպել, որ զարմանում եմ ձեզանից լսելով բանավեճի հրավերի մասին: Հայ մարդը, կարծում եմ, արժանի է բանավեճին, պետք է հարգենք Հայաստանի քաղաքացուն և ներկայացնենք թե՛ ծրագրերը, թե՛ միջոցները դրանք կյանքի կոչելու»: Ասելով, թե իշխանությունը վախենում է ժողովրդի աչքի առջև բանավիճելուց, Րաֆֆի Հովհաննիսյանն օգտվել է առիթից և Սերժ Սարգսյանին կրկին հրավիրել բանավեճի:
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին բնութագրել էր որպես «անարդարության դեմ պայքարի խորհրդանիշի»: Վերջինս էլ Սերժ Սարգսյանին է համարել մարդ, որը անուրանալի դեր է կատարել ազատամարտում, սակայն մեծ սխալներ է թույլ տվել արտաքին և ներքին քաղաքականության մեջ՝ ԼՂՀ չճանաչում Հայաստանի կողմից, հայ-թուրքական արձանագրություններ, Մադրիդյան սկզբունքների խորացում, ներքին կյանքում օրինազանցություններ: «Նոր Հայաստանում ոչ մեկը փայ չի մտնելու ժողովրդի հաշվին: Նա հարգանքի է արժանի, բայց սխալվել է, և չպետք է ոչ մեկը ամաչի սխալների համար պատասխանատվություն վերցնելուց: Ո՞րն է լավ, կառավարել մի երկիր, որից փախչո՞ւմ են, թե՞ ձգտում են վերադառնալ»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ ընտրակեղծիքների դեմ պայքարելը համարել է հավաքական պատասխանատվություն:
Հարցին՝ եթե հաղթի գործող նախագահը, և Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտոն առաջարկի՝ կգնա՞, նա պատասխանել է. «Գործող նախագահը չի հաղթի»:
Հեռուստադիտողի հարցին, թե ինչ քայլերի կդիմի, եթե ընտրությունները կեղծվեն, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ փետրվարի 19-ին Ազատության հրապարակի իր ասուլիսում կխոսի հետագա քայլերի մասին: