«Պատմության մեջ միլիոնավոր ռուսների, հայերի տարել է ԿԳԲ-ի ծառայությունը, և քանի դեռ նրա գաղտնի գործակալական ցանցը բացահայտված չէ, ասում եմ, որ իմ մահափորձը արել է ԿԳԲ-ն»,- «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում ասել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքերով՝ հարցումները ցույց էին տալիս իր ռեյտինգի սրընթաց աճը, բայց ինքը շարունակում էր խոսել միասնական թեկնածուի մասին: «Միասնական թեկնածու էի ասում, բայց ոչ այն, որ ես հանեմ թեկնածությունս, ու Բագրատյանը վայելի, ուրախանա դպրոցական երեխայի պես: Հանդիպում ենք, քննարկում ծրագրերը, նայում և որոշում: Սկզբում հարցումներին զրոյական տոկոս էին տալիս, հետո 3,5: Տեղի ունեցավ դեպքը, որի ժամանակ շատ էին լուսաբանում. իհարկե, ցավողներ կային, բայց ցույց էին տալիս տապալված Հայրիկյանի: Մի երկու տոկոս իջավ: Հետո սկսեց բարձրանալ, բայց դրան խանգարում էին մրացակիցներս»,- ասել է Պարույր Հայրիկյանը և հավելել, որ միասնական թեկնածուի հարցով էլ սխալ պահեցին իրենց թեկնածուները:

Հայրիկյանն ասում էր ավելի լավ է լինել հաղթանակած երրորդ, քան պարտված երկրորդ տեղում, քանի որ եթե միանային ծրագրերը, կհաղթեին: «Իրենք չուզեցին, իրենք չուզեցին և իմացան, որ իրենք սխալ են, ընդդիմադիր խաղ են խաղում: Գործով զբաղվելու փոխարեն՝ ուրախացան, որ Հայրիկյանի վրա կրակել են, և թափով անցան գործի: Մարդիկ տեսնում են, որ Հայրիկյանն ուզում էր այս իշխանությունների հեռացում, մյուսները, որ իբր թե դեմ են, բայց այդպես չէ: Թեկնածուներից մեկն ասում է մի օրով դադարեցնում եմ քարոզարշավը, մյուսները՝ նման բաներ, մեկն էլ ասում է՝ դեռ պետք է պարզենք՝ մահափորձ է, թե ոչ: Սա վիրավորական է իմ անձի դեմ: Մարդուն կրծքից վիրավորել են, բայց ասում են՝ մահափորձ չէ: Տեռորիստների հե՞տ եք աշխատում»,- ասել է Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքերով՝ իրեն խփել են, որովհետև ամենալավ գաղափարներն իրենն են:

Նա կրկին անդրադարձել է այն հարցին, թե ինչու դիմեց ՍԴ և անմիջապես հետ վերցրեց դիմումը. «Տվեցի, որովհետև եթե այդ օրը չտայի, էլ չէի կարող տալ: Հանեցի, որովհետև կային խնդիրներ, որ պետք է երեք օրում լուծեի: Ամեն ինչ վերլուծեցի, տեսա, որ երեք օր էլ չունեմ, հետո տեսա, որ ոչ մեկի համար էլ կարևոր չէ, ես եմ տուժողը: Թող ես տուժեմ, բայց միասնական թիմ լինի, որ հաղթենք: Դա էլ դարձավ շահարկման թեմա»:

Նրանք, ովքեր Հայրիկյանի՝ անկողնում գամված ժամանակ պետք է գնային միասնական թեկնածուի հարցը քննարկելու, չգնացին: Վիրավոր թեկնածուն հրապարակային կոչ արեց: Չարձագանքեցին: Եվ, բանախոսի խոսքերով, միասնականը տապալվեց: Բայց ուշ չէ. «Այսօր եթե նրանք ուզենային հաղթել, կարող են հավաքվել և խոսել՝ որ ծրագրերն են ընդունակ, հավաքվել և վիճակահանությամբ կամ հարցուփորձով որոշել թեկնածուն: Ես այդ փորձն ունեմ, մյուսները չունեն: Ամեն նորելուկ գիտի, թե նոր աշխարհ է բացահայտել»: Պարույր Հայրիկյանի խոսքերով՝ այսօր ընդամենը մեկ կարևոր հարց կա՝ ազգին կրակել են՝ ի դեմս Հայրիկյանի:

Հայ մարդիկ պարտավոր են իրեն ձայն տալ, եթե իրենք իրենց ապագայի մասին մտածում են: «Չեմ խնդրում, պարտավոր են»,- ասել է նա: