Կինը, ով Մոսկվայում դաժանորեն սպանել է 4-ամյա աղջկան՝ գլխատելով նրան, ասել է, որ իր հրեշավոր արարքով վրեժ է լուծել մուսուլմանների համար, որոնք սպանվել են ռուսական ավիացիայի օդային ռմբակոծությունների հետևանքով, գրում է «Al Bayan»-ը:

 

 

38-ամյա Գյուլչեհրա Բոբոկուլովան հայտնել է, որ «վրեժխնդիր է եղել նրանից, ով արյուն է թափում»: Այնուհետև նա ինքն իրեն հարցրել է. «Պուտինը ռմբակոծում է ինքնաթիռներով: Ինչո՞ւ եք մեզ՝ մահմեդականներիս ռմբակոծում, ինչո՞ւ ոչ ոք ոչինչ չի ասում: Չէ՞ որ նրանք նույնպես ցանկանում են ապրել»: Կինը նաև հավելել է, որ ցանկանում էր Սիրիա գնալ, սակայն չի ունեցել պահանջվող գումարի չափն այս ուղևորության համար: 

 

 

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ չպետք է լրջորեն ընդունել «մտավոր խնդիրներ ունեցող մարդու» կողմից արված հայտարարությունները:

 

 

Հարկ է հիշեցնել, որ Մոսկվայում Բոբոկուլովան որպես դայակ է աշխատել: Աղջիկը, որին նա գլխատել է, նրա խնամքի տակ է եղել: Ականատեսներից մեկը հայտնել է Reuters-ին, որ լսել է, թե ինչպես էր կինը բղավում՝ Սիրիայում երեխաների սպանության մասին:

 

 

Ոստիկանության աղբյուրը հայտնել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը, որ դայակի կոնտակտներում հայտնաբերվել են երկու տղամարդկանց անունները, ովքեր կապված են միջազգային ծայրահեղական խմբավորումների հետ:

 

 

Բոբոկուլովան նաև հայտնել է լրագրողներին, որ «Ալլահն է հրամայել» նրան անել դա: