Մեզ որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու է մեր երկրում այսքան դժվար, ժողովրդական լեզվով ասած, գործ դնելը: Հասկանում ենք, որ այդ դժվարություններն ունեն նաև մի շարք օբյեկտիվ պատճառներ, բայց չենք կարծում, որ այդ օբյեկտիվ պատճառներն այնքան շատ են, որ մեզ թույլ չէին տա նորմալ երկիր կառուցել, որ մարդը, ասենք, գործ սկսելուց առաջ ստիպված չլիներ ծանոթ ու բարեկամ փնտրել այս կամ այն պետական օղակներում՝ հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու համար:

 

Հայաստանի տնտեսության ճահճացած վիճակի մասին մենք շատ ենք խոսել, փորձել ենք հնարավորինս լայնորեն անդրադառնալ այն բոլոր բացերին, որ հատուկ են մեր տնտեսությանը, հատկապես՝ վերջին տարիներին: Քաջատեղյակ լինելով հիմնական խնդիրներին՝ թո՛ւյլ տվեք ասել, որ վստահ կարելի է պնդել՝ հիմնական թերությունները երկրում ստեղծված վատառողջ բիզնես մթնոլորտն է, այդպես էլ մինչև վերջ չկայացած բանկային համակարգը, որն ուղղակի անելանելի իրավիճակում է դնում հատկապես մանր բիզնեսով զբաղվողներին:


Մերկապարանոց հայտարարություններ անողի տպավորություն չթողնելու համար դիմենք վիճակագրությանը. համաձայն ուսումնասիությունների՝ մեր երկրում ամսական կտրվածքով մոտ 800-1000 ՓՄՁ-ներ են փակվում: Հասկանո՞ւմ եք՝ ինչ թվերի մասին է խոսքը. այս ամենիարդյունքում կրճատվում են աշխատատեղեր, արտագաղթն է ավելանում, մարդկանց մոտ առաջանում է հիասթափություն սեփական երկրի նկատմամբ և այսպես շարունակ:


Չնայած ի սկզբանե ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը՝ այլ պետական գերատեսչությունների հետ միասին, կոչված են մշակել տնտեսական այնպիսի զարգացման ծրագիր, որը կխթանի մանր ու միջին բիզնեսը Հայաստանում, սակայն փաստացի ունենք մի իրավիճակ, երբ գործը հայտարարություններից այս կողմ չի անցնում: Հետո էլ խոսում ենք պետական բյուջե մտնող եկամուտների ավելացման մասին:

 

Ի՞նչ ավելացման մասին կարող է խոսք լինել, երբ պետությունը նույնիսկ սեփական արտադրողին չի կարողանում պաշտպանել, այսպես ասած, արտաքին ագրեսիայից. Ռուսաստանից ներմուծումը դեպի Հայաստան հետզհետե աճման միտումներ է դրսևորում, Հայաստանում ռուսական ապրանքներն սկսում են էականորեն ամրապնդել իրենց դիրքերը՝ շուկայից դուրս մղելով հայրենական արտադրանքը:


Եթե այսպես շարունակվի, երկրում է՛լ հարկատու չի մնա. ոչ ոք վնասով չի աշխատի: Դե իսկ ստվերային տնտեսության մասին է՛լ չխոսենք. այն մեր երկրում հետզհետե իր փթթման կիզակետին է հասնում (ստվերը մեր տնտեսության մեջ 30-50% է կազմում՝ հասնելով 4 մլրդ դոլարի)՝ ներսից քայքայելով ողջ տնտեսական համակարգը: Ըստ որոշ մասնագետների՝ եթե մեզ հաջողվեր առաջիկա տարիներին հնարավորինս արդյունավետորեն իրականացնել հարկահավաքման գործը, ապա ամենևին էլ չի բացառվում, որ դրա արդյունքում կհաջողվեր բյուջե մուտքագրել հավելյալ 1.5 մլրդ դոլար փող: Կարծում ենք՝ կհամաձայնեք, որ մեր երկրի համար նման գումարն այնքան էլ փոքր չէ, ու եթե այն ճիշտ օգտագործվեր, հնարավոր կլիներ մեղմել երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակը:

 

Բոլորի համար պետք է հասկանալի լինի մի պարզ ճշմարտություն. այլևս հասունացել է պահը, երբ երկրում պետք է անցկացվեն իրական բարեփոխումներ: Միգուցե դրանք ոմանց համար ցավոտ կարող են լինել, բայց առանց «վիրահատական» միջոցների պարզապես անհնարին կլինի գործն հաջողությամբ պսակել. վերքը շատ է խորացել ու առանց վիրաբույժի սուր նշտարի գործը գլուխ չի գա:


Դավիթ Բաբանով