Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնել Բելգիայի ժողովրդին՝ Բրյուսելում մարտի 22-ին որոտացած պայթյունների առնչությամբ: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել Թվիթերի միկրոբլոգում: «Մենք ցնցված ենք Բրյուսելում իրականացված հարձակումների առնչությամբ: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Բելգիայի ժողովրդին: Մեր մտքերը զոհերի ընտանիքների և ընկերների հետ են»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին որոտացել է 2 պայթյուն, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա 17 զոհ և առնվազն 30 վիրավոր: Բրյուսելի օդանավակայանի ադմինիստրացիան որոտացած երկու պայթյուններից հետո հորդորել է հեռու մնալ օդանավակայանի տարածքից: «Օդանավակայանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել: Կառույցից մարդկանց տարհանում են: Մի եկեք օդանավակայանի տարածք: Թռիչքները հետաձգվել են»,- ասվում է գրության մեջ: Ըստ որոշ տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել American Airlines-ի թռիչքների սրահում: