«Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահւամբ զմահ կոխեաց, եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց.
Նմա փառք յաւիտեանս. ամէն»:
Սիրելի´ հայորդիք,
Առաքելահաստատ մեր Սուրբ եկեղեցին տոնախմբում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարությունը:
«Յարեա՜ւ Տէրն ի գերեզմանէն»: Փրկչի թափուր գերեզմանից ճառագող անստվեր լույսով մեր երկրավոր կյանքը վերստին նոր իմաստ ստացավ: «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հավատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեանս չի մեռնի» (Հովհաննես ԺԱ 25-26): Տերն ամենքիս սովորեցրեց, որ Հարությունը երկրի վրա Իրենո՛վ իմաստավորված և ներշնչված կյանքն է: Նա, ով հավատում է Քրիստոսին, իրեն հավերժացնում է բարի գործերով և հավիտենություն տանող արժեքներով: Քրիստոսի Հարությունը հավիտենապես ապրեցնող զորություն է, մեր հավատքի սնուցիչն ու առաջ մղող ուժը:
Մեր աղոթական ցանկությունն է, որ Զատկական կենսատու ավետիսն առավել զորեղացնի հայոց քրիստոնեական սուրբ հավատքը: Թող հարության հավատքի շնչով և ուժականությամբ վերակերտվեն մեր Ազգն ու Հայրենին՝ վասն փառաց Աստծո և վասն հայոց ազգի հավերժության: Ամեն:
Զատկական բերկրությամբ և հարուցյալ Տիրոջ օրհնությամբ՝
Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյան