Եկե՛ք անկեղծ լինենք և ինքներս մեզ խոստովանենք, որ մեր ակնկալիքները՝ կապված Ադրբեջանի խուլիգանական վարքագծի վերաբերյալ աշխարհի հավանական արձագանքի հետ, չարդարացվեցին: Աշխարհի ուժային կենտրոնները, ըստ էության, հավասարության նշան դնելով հակամարտող կողմերի միջև, մի տեսակ կրավորական դիրքորոշում որդեգրեցին հակամարտության բռնկման հենց սկզբից՝նախընտրելով ստանձնել ավելի շատ արբիտրի կամ դիտորդի դեր, քան՝ խաղարարարի. արդեն մի քանի օր է, ինչ ընթանում են դաժանագույն մարտեր համապատասխան բախման կետերում, սակայն աշխարհը որևէ կերպ չի շտապում սանձել ազերի հրոսակներին:

 

 

Թե հատկապես ինչի հետ կարող է այս ամենը կապված լինել, դատողությունները շատ են ու բազմազան. ոմանք այս ամենը կապում են գերտերությունների՝ տարածաշրջանում ունեցած աշխարհաքաղաքական շահերի, ոմանք Ալիևի դիրքերն Ադրբեջանում թուլացնելու Արևմուտքի ցանկության և այլնի հետ:

 

 

Ինչ խոսք, բոլոր վերը թվարկած տարբերակներն էլ իրավունք ունեն գոյություն ունենալու, քանի որ բոլորն էլ, ըստ մեզ, միանգամայն տրամաբանական են, ռացիոնալ: Բայց մինչ աշխարհը ու այն կառավարող տերությունները փորձում են ինչ-որ կերպ կողմնորոշվել ու գլուխ հանել այս խճճված պատմությունից, Ադրբեջանը հետզհետե է՛լ ավելի վտանգավոր է դառնում, թերևս, ոչ այնքան Հայաստանի, որքան իրենց քաղաքակրթության սկզբնաղբյուր ու նախապատճառ հռչակած երկրների համար: Մասնավորապես՝ պարզվում է, որ ըստ ճշտված ու միանգամայն հավաստի տեղեկատվության՝ այսպես կոչված «Իսլամական պետության» մարտիկների ներգրավվածությունն Արցախի դեմ Ադրբեջանի մղած պայքարում հաստատվել է փաստերով: Ինչպես համարում են մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ, սա աներկբա ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը, որն առանց այն էլ տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն էր, այժմ արդեն վերածվել է աշխարհի ամենամեծ ահաբեկչական կազմակերպության՝ Հարավային Կովկասում:

 

 

Այն, որ Ադրբեջանը, իր ծագման օրվանից, ահաբեկչական նորագոյացություն է եղել Հարավային Կովկասում՝ սկսած դեռևս 20-րդ դարի սկզբներից, մեզ համար գոնե հանրահայտ ճշմարտություն է:Այն իր գոյությամբ, ըստ էության, պարտական է բոլշևիկներին, որոնք մասսայական տեռորի ու արյունահեղության ճանապարհով զավթեցին ցարական Ռուսաստանն ու միանգամայն կամայական կերպով իրենց քաղաքականությունը սփռեցին նախկին կայսրության ողջ տարածքով մեկ՝ նպատակ ունենալով խրախուսել իբր կոմունիստական գաղափարախոսության տարածումը: Արդյունքում՝ կովկասյան թաթարները, որ ներկայումս աշխարհին ավելի շատ հայտնի են «ազերիներ» անվամբ, հաջողացրին ստեղծել վայ պետություն՝ ի հաշիվ այլոց՝ սկզբնավորման առաջին իսկ տարիներից տեռորի ենթակելով այդ տարածքներում բնակվող ազգային ու կրոնական փոքրամասնություններին:

 

 

Հիմա ի՞նչ կարելի է ակնկալել աշխարհից՝ կապված «ԻԼԻՊ» գրոհայինների՝ Ադրբեջանում բույն դնելու փաստի հետ: Առողջ տրամաբանությունը մեզ հուշում է, որ գոնե մոտ ապագայում գերտերությունները, որոնք կենացմահու պայքար են մղում «Իսլամական պետություն» հորջորջվող ահաբեկչական խմբավորման դեմ, պետք է հանդես գան համապատասխան գնահատականներով ու հայտարարություններով՝ սաստելու Բաքվի բռնատիրական վարչակարգի խայտառակ քաղաքականությունն ու հստակ դիրքորոշում հայտնեն հակամարտության վերաբերյալ՝ այլևս դադարեցնելով ինչ-որ լղոզված ու անհասցե կոչեր հնչեցնել. այլ խոսքերով՝ իրերը կոչեն իրենց անուններով: Արդյոք կանե՞ն դա տերությունները, թերևս, ցույց կտա ժամանակը, բայց որ միայն գնահատականներն ու կոչերը այլևս բավարար միջոց չեն լինելու՝ սանձելու Ալիևին, կարծում ենք՝ անվիճելի է. այսուհետև հարկավոր է ուժով պարտադրել բռնապետին այն խաղաղությունը, որի համար նույն այդ գերտերությունները ջանք ու եռանդ չեն խնայել հատկապես վերջին տասնամյակներին՝ Մինսկի խմբի շրջանակներում փորձելով դիվանագիտական լուծման հասնել ղարաբաղյան խնդրում:

 

 

Դավիթ Բաբանով