Հազարավոր հայեր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը' ապրիլի 24-ին Ցեղասպանության պաշտոնական ճանաչման պահանջով հավաքվել են Նյու Յորքի կենտրոնական Թայմս Սքուեր հրապարակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է amny.com-ը:

 

 

Շատ հավաքվածներ կրել են շապիկներ Հայոց ցեղասպանության մասին գրություններով, իսկ ոմանք էլ ձեռքերում պահել են «Դադարեցրեք ժխտումը» կոչով պաստառներ:

 

 

Հայոց ցեղասպանության վերապրածի ժառանգ, 50-ամյա Վիոլետ Դաբաղյանն ընդգծել է արդարության համար պայքարն իրենց երեխաների կողմից շարունակելու կարևորությունը: «Ես նրանց մշտապես ասում եմ' դուք չեք կարող մոռանալ, դա պատահել է»,- նշել է Դաբաղյանը:

 

 

«Բոլորն այստեղ են' լսելու, թե ինչ կասի ամերիկյան կառավարությունը, և դա հրաշալի է: Շատ մարդիկ կիսում են քո զգացմունքներն ու հասկանում, շարունակում են հիշել ցեղասպանությունը»,- ասել է Լուսինե Հակոբյանը:

 

 

Սենատոր Շառլ Շումերը «զազրելի» է անվանել այն, որ ցեղասպանությունը դեռևս չի ճանաչվել, ինչպես հարկն է: Դիմելով հավաքվածներին' նա ասել է. «Ամեն անգամ, երբ ցեղասպանություն է տեղի ունենում, մենք ասում ենք' այլևս երբեք: Ազատության արձանը հենց այնպես չի կանգնեցված, այն կանգնած է նաև հիշեցնելու հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը»,- նշել է ԱՄՆ սենատորը: