Ադրբեջանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, մարդկանց առևտրի դեմ պայքարի ազգային համակարգող Վիլայաթ Էյվազովը մարդկանց առևտրի և դրա դեմ պայքարի աշխատանքները ադրբեջանական խորհրդարանում ներկայացնելու ժամանակ հայտարարել է, որ, նախորդ տարիների համեմատ, 2015 թվականին Ադրբեջանում մարդկանց առևտրի և հարկադիր աշխատանքի դեպքեր ի թիվը 22 տոկոսով աճել է:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, նա հայտնել է, որ 2015 թվականին «Թեժ գիծ» հեռախոսագծով ստացվել և հետազոտվել է քաղաքացիների 13 հազարից ավելի դիմում, որոնցից յուրաքանչյուրի դեպքում օրենքով սահմանված միջոցներ են ձեռնարկվել:

 

 

«Իրականացված ձեռնարկումներով 2014 թվականի հետ համեմատ, 2015 թվականին նման դեպքերը 22 տոկոսով ավելի են: Մարդկանց առևտրի հետ կապված հայտնաբերված 63 խմբերից (57 կին, 6 տղամարդ) 38 անձ (33 կին, 5 տղամարդ) քրեական պատասխանատվության է ենթարկվել: Վնասազերծվել է մարդկանց առևտրով զբաղվող 13 հանցագործ խումբ և մեկ կազմակերպված հանցավոր խումբ: Մարդկանց առևտրի զոհերի թվում 29 անչափահաս երեխաներ են եղել, հայտնաբերվել է թափառական կյանքով ապրող, մուրացկան և շահագործման ենթարկվող 450 երեխա: 200 ծնողների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ են ձեռնա րկվել»,- զեկույցում նշել է ադրբեջանցի փոխնախարարը: