Թերևս, շատ է խոսվել բանակ-գիտություն՝ մասնավորապես՝ Գիտությունների ազգային ակադեմիայի ու Պաշտպանության նախարարության միջև եղող կապերի է՛լ ավելի սերտացման, հայրենական գիտական մտքի ամենավերջին ձեռքբերումներն ու ունեցած պոտենցիալն ըստ արժանվույնս ի փառս հայկական բանակի բանեցնելու և նմանատիպ այլ բաների մասին։ Հսկայական քանակությամբ վերլուծություններ, մանրամասն զեկույցներ կան գրված այն մասին, թե ինչպիսի արդյունքների կարող ենք հասնել մենք, եթե մեզ հաջողվի ամուր հիմքերի վրա դնել ոչ միայն գիտություն-տնտեսություն, այլև գիտություն-բանակ կապը։
Հատկապես վերջին տարիներին, ինչպես գիտեք, բավական սերտացել են Պաշտպանության նախարարության ու ՀՀ ԳԱԱ միջև կապերն, ու մեր բանակում բավական հաջող կերպով կիրառվում են պաշտպանական ու հարձակողական գործիքակազմեր, որոնք մշակվել ու կյանք են ստացել հենց հայ ինժեներական մտքի շնորհիվ։ Այստեղ ունեցած որոշ հաջողություններից ելնելով էլ՝հասարակության կամ,ավելի ճիշտ, դրա որոշակի հատվածի մոտ հետզհետե նկատելի է դառնում այն իշխող կարծիքը, որ երկրի բարձրագույն ղեկավարության բարի կամքի պարագայում մենք վաղուց կարող էինք Հայաստանում զարգացնել տնտեսության ռազմաարդյունաբերության ոլորտն ու, անգամ, զենք ներմուծող երկրից կարճ ժամանակահատվածում վերածվեինք զենք ու զինամթերք արտահանող երկրի։
Պետք է նշենք, որ, որքան էլ ցավալի է, բայց նման պնդումները, ինչքան էլ դրանք հայրենասիրական ու բարի կամքից բխած լինեն, չեն կարող հիմնավոր համարվել։ Պատճառները ոչ միայն ներքին են՝ պայմանավորված մեր երկրի տնտեսությամբ, այլև՝ արտաքին, քանի որ հայտնի է, որ աշխարհում զենքեր արտադրում են հիմնականում այն երկրները, որոնք հզոր են, առավելագույնս ինքնիշխան ու կարողանում են զենքի համաշխարհային շուկայում ներկայացնել այնպիսի արտադրանք, որ մրցունակ է ու տնտեսապես ձեռնտու։ Այլ կերպ ասած՝ համաշխարհային ռազմարդյունաբերության մեջ սեփական խոսքն ասելու բացառիկ իրավունքը պատկանում է աշխարհի հզորներին, որոնց շարքին, ցավոք, Հայաստանը չի պատկանում. մեզ, պարզապես, թույլ չեն տա կտրուկ շարժումներ անել այդ ուղղությամբ ու հաստատ մի լծակ կգտնեն տեղը դնելու համար։ Այս վիճակից ելքը, թերևս, միայն մեկը կարող է լինել. Հայաստանը պետք է ջանքեր գործադրի ու կարողանա միանալ զենք արտադրող խոշոր մի որևիցե երկրի՝ ասենք նույն Ռուսաստանին և այս կամ այն զենքի մի որևիցե մասի արտադրությունը կազմակերպի հենց տեղում։ Նման հնարավորություններ մենք նախկինում ունեցել ենք և հիմա էլ ունենք, ու հետևաբար՝ մեր կողմից շատ ավելի խելամիտ կլիներ, եթե մեր ունեցած ներուժը կենտրոնացնեինք ու ուղղորդեինք հենց այս ուղղությամբ. զրոյից սկսելը մեզ համար աննպատակահարմար կլիներ. այդքան ազդեցիկ ու հարուստ չենք...
Դավիթ Բաբանով