2017թ-ի խորհրդարանական ընտրությունները մի յուրատեսակ առանձնահատկությամբ ևս, անկասկած, աչքի ընկան. միջազգային հանրության արձագանքը դրանց նկատմամբ մի տեսակ միօրինակ էր, միմյանցից ոչ այնքան տարբեր, և սա այն պարագայում, երբ սովորաբար, համենայնդեպս նախորդ բոլոր ընտրությունների պարագայում, որոշակի տարբերություններ, այնուամենայնիվ լինում էին. Արևմուտքը, որպես կանոն, առավել քննադատական մոտեցում էր ցուցաբերում, իսկ ահա Ռուսաստանից ստացվող արձագանքները մշտապես աչքի են ընկել մաքսիմալ լոյալությամբ՝ հանդեպ իշխանությունների:
Եվ այսպես՝ ինչո՞վ կարող է այս ամենը պայմանավորված լինել, և կամ ո՞րն է իրականում ներկա փուլում միմյանց միջև սուր հակամարտության մեջ գտնվող աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների միջև առնվազն այս՝ ոչ այնքան անկարևոր հարցում ցուցաբերած կոնսենսուսը:
Նախ՝ անկասկած է՝ այս ամենն ուղղակիորեն կապ ունի արցախյան հիմնախնդրի հետ: Ամենայն հավանականությամբ՝ որոշակի անդրկուլիսյան պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցերում. ակնհայտ է, որ հակամարտության լուծման գործընթացը տեսանելի ապագայում ստանալու է որոշակի հանգուցալուծում, ու այդ հանգուցալուծումը կապվում է հայաստանյան ներկա իշխանությունների հետ, հետևաբար՝ գործն արագորեն գլուխ բերելու ցանկությունից դրդված՝ նույն այդ կենտրոններն ինչ-որ իմաստով աչք են փակել այն ամեն բացասականի վրա, որ բնորոշ էր այլևս պատմության գիրկն անցած ընտրություններին:
Իսկ այն, որ ամեն բան հենց այնպես է, ինչպես նկարագրվեց վերևում, վկայում են հատկապես արտերկրից հնչող որոշ հայտարարություններ: Նախ՝ ՌԴ ԱԳ խոսնակ Մարիա Զախարովան էր քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ իր հնչեցրած խոսքում հակամարտող կողմերին բանակցություններն անհապաղ սկսելու կոչով հանդես եկել, այնուհետև՝ Օլանդն էր՝ Ալիևին իր կողմից հղած նամակում վստահեցրել Բաքվին, թե Ֆրանսիան անում է իրենից կախված ամեն ինչ՝ հասնելու ԼՂ խնդրի կարգավորմանը: Սրան գումարած էլ՝ ապրիլի 5-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն քառօրյա պատերազմի առաջին տարելիցի առթիվ հանդես էր եկել հայտարարությամբ, ուր նշել էր, թե Լեռնային Ղարաբաղում առկա ստատուս-քվոն պաշտպանունակ չէ՝ ակնարկելով, որ այն իրավիճակը, որը հաստատվել է ներկայում տարածաշրջանում, չի կարող երկար շարունակվել:
Բայց շատերի կողմից որպես ռուսամետ ընկալվող ՀՀ իշխանությունների նկատմամբ Արևմուտքի լոյալ կեցվածքը, որի արտահայտություններից մեկն էլ, ինչպես նշվեց, ընտրությունների վերաբերյալ զուսպ ու կոռեկտ գնահատականներն էին ու, ըստ էության, վերջնական արդյունքների անվիճարկելիության ընդունումը, մեկ այլ կողմ ևս ունի. այդպիսով, փաստորեն, ԱՄՆ-ն ու Եվրոպան բացահայտորեն ընդունում են Հայաստանի վրա Ռուսաստանի ունեցած բացառիկ գերիշխանությունն ու երկիրն, ըստ էության, հանձնում ռուսներին. բոլորն էլ հասկանում են, որ ժամանակի հետ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի նկատմամբ միմիայն ուժեղանալու է, քանի որ Մոսկվան հայաստանյան ներքաղաքական կյանքում սկիզբ է դրել մի գործընթացի, որի վերջնարդյունքը լինելու է Հայաստանում Արևմուտքի ունեցած լծակների թուլացումը: Բացի սա՝ ակնհայտ է նաև, որ արցախյան հարցի կարգավորման բանալին Արևմուտքը ոչ մի կերպ չի ցանկանում վերցնել Մոսկվայից ու հենց վերջինիս է դիտարկում որպես այս խրթին հակամարտության լուծման հիմնական երաշխավոր:
Իսկ արցախյան խնդրի լուծման հարցում Ռուսաստանին զիջումներ անելու Արևմուտքի ցանկությունը շատ հեշտ բացատրելի է. այնտեղ վստահ են, որ Անդրկովկասը դառնալու է ռուսների համար իսկական ճահիճ, ու Մոսկվային ոչ մի պարագայում չի հաջողվելու փոխըմբռնելի տարբերակ առաջարկել հակամարտող կողմերին: Այլ կերպ ասած՝ Արևմուտքի չընդդիմանալը Ռուսաստանին իրականում նուրբ ու խորամանկ խաղ է ընդդեմ ռուսների ու, եթե կուզեք, կատարյալ ծուղակ: Ամեն բան ի սկզբանե հաշվարկված է փայլուն: Բանն այն է, որ հակամարտության հարցում ցանկացած տեղաշարժ վտանգի տակ է դնելու Ռուսաստանի ու այս հարցում նրա դաշնակից Իրանի շահերը:
Անկասկած է, որ հակամարտության վերջնական ու համապարփակ կարգավորումը չի կարող բխել Ռուսաստանի արմատական ու հեռահար շահերից, քանի որ, եթե Անդրկովկասում բոլոր ժողովուրդները միմյանց բարեկամներ հռչակվեն, սահմաններ բացվեն ու բոլորը սկսեն միմյանց սիրել, իսկ Թուրիքան էլ, որպես Հայաստանի նկատմամբ առատաձեռն քայլ, որոշի բացել փակ սահմանները, որին անվերապահորեն ձգտում է Վաշինգտոնն, ապա Գյումրիի ռուսական ռազմաբազան ՀՀ տարածքում այլևս անիմաստ է դառնալու, ինչը գրեթե երաշխավորում է դրա՝ այստեղից դուրս բերումը: Իսկ այս սցենարը բացարձակապես չի կարող ձեռնտու լինել Մոսկվային, որն Անդրկովկասի վրա ունեցած իր վերահսկողությունը պահպանում է նաև կառավարելի կոնֆլիկտի՝ արցախյան հիմնահարցի գոյության շնորհիվ:
Մյուս կողմից՝ հակամարտության ակնհայտ սրացումն ու դրա՝ մարտական գործողությունների վերաճումը ևս հակասելու է Մոսկվայի շահերին, քանի որ այդ պարագայում վտանգի տակ է հայտնվելու ողջ Հյուսիսային Կովկասը, հայ-ռուսական ու ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Ասել կուզի՝ սա խաղ է Մոսկվայի համար 0-ական շահեկանությամբ, որից գլուխ հանելն իսկական հերոսություն կլիներ:
Բայց Մոսկվան, այնուամենայնիվ, որոշակի ելք ունի այս իրավիճակում. Արցախյան հիմնահարցի տրանսֆորմացումն է՝ ասենք կիպրոսյան հակամարտության օրինակով: Երբ հակամարտությունը դե յուրե կա, գոյություն ունի, իսկ դե ֆակտո հակամարտող կողմերը միմյանց չեն կոտորում ու նույնիսկ սերտ առևտրային կապերի մեջ են գտնվում: Այս տարբերակը թույլ կտա Մոսկվային ևս 30-40 տարով հետաձգել հակամարտության վերջնական լուծումը, մինչև կանցնի իր համար համապատասխան վտանգը: Բայց այս ամենում հայկական կողմի համար մի տհաճ նյուանս, այնուամենայնիվ, կա. ազատագրված տարածքներից կամ առնվազն դրանց մի մասից պետք է հրաժարվել, բայց ամենևին էլ ոչ հօգուտ Բաքվի. այլ հանուն գերտերությունների աշխարհաքաղաքական նպատակների. ընդունված բան է՝ փոքրերը սպասարկում են մեծերի շահերը...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ