Երեւանի Ավագանու ընտրության հետ կապված հետընտրական դիտարկումներում եւ գնահատականներում բավականաչափ անդրադարձ է կատարվում ԵԼՔ դաշինքին, նաեւ հեռանկարին:

 

Այդ ուշադրությունը հասկանալի է եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ դաշինքը փաստացի դարձել է ընդդիմության դաշտի առանցքային դերակատարողներից մեկը: Խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ-ը հանրությանը ներկայացրել է մի կոնկրետ արդյունք՝ երեք կուսակցությունների միավորում, որին արձագանքել է ավելի քան 120 հազար մարդ: Այդ իմաստով, ԵԼՔ-ը սահմանել էր լավ հեռանկար՝ դաշինքից մեկ կուսակցության ձեւավորում: Ենթադրաբար իհարկե որակապես եւ սկզբունքորեն այլ բովանդակության եւ կառուցվածքի կուսակցություն, քան Հայաստանում ընդունված տարբերակները:


Խորհրդարանի ընտրության արդյունքից հետո հաջորդ օրը ԵԼՔ-ը պետք է թերեւս ձեռնամուխ լիներ այդ հեռանկարի իրագործմանը, հանրությանը նոր արդյունք ներկայացնելու համար: Դրա փոխարեն ԵԼՔ-ը մասնակցեց Երեւանի Ավագանու ընտրությանը, ընտրությունների հաջորդ օրը ընդունելով դրանց արդյունքները: Այստեղից կարելի է անել երկու եզրահանգում: Առաջինը ՝ ԵԼՔ-ը որոշակի դասեր այնուամենայնիվ քաղել է համապետական ընտրություններից, մյուս կողմից որոշակիորեն մատնանշում է քարոզարշավի ընթացքում սեփական սխալները խորքային վերլուծության ենթարկելու անհրաժեշտությունը: ԵԼՔ-ը ըստ այդմ այդ վերլուծության հիման վրա կամ կբյուրեղացնի հանրությանը ներկայացող առաջարկների փաթեթը, դրանք դարձնելով ավելի հստակ, կամ այս ուժը չձևավորելով սեփական օրակարգը ստիպված կլինի հարել ներհամակարգային հակամարտության այս կամ այն բևեռին: Կասկած չկա, որ այդ պարագայում ԵԼՔ-ի՝ ընդդիմադիր դաշտին նոր որակ և նոր ոգի հաղորդելու ջանքերը հօդս կցնդեն: Հետևաբար դաշինքի ղեկավարների թիվ մեկ խնդիրը պետք է լինի հենց երկրորդ սցենարից խուսափելը:

 

Ստելլա Խաչատրյան