Հայաստան. աշխարհի քարտեզի վրա հազիվ մի փոքրիկ կետ, բայց և մի երկիր, որը մոլորակի վրա իր զբաղեցրած դիրքով աշխարհի գերտերությունների աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական հետաքրքրությունների կենտրոնում է գտնվում:

 

 

Ներկա պահին, երբ Արցախյան հակամարտության հետ կապված իրավիճակը սրվել է, դարձել պայթյունավտանգ ու մոտ է պատերազմականին, կարծում եմ, առավել տեսանելի է դարձել հենց այս կետում Միացյալ Նահանգների ռազմավարական նկրտումների և Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման անհրաժեշտությունից բխող հրամայականների բախումը: Այդ մասին նշված գերտերությունների նախագահների, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և համապատասխան այլ պաշտոնյաների կողմից, իհարկե, հրապարակայնորեն չի հայտնվում, սակայն միայն Արցախյան հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի քննարկումների հաճախադեպ լինելն ինքնին արդեն խոսուն փաստ է:

 

 

Ահավասիկ մերկ փաստերը. միայն վերջին 12 օրում կամ երկու շաբաթից էլ կարճ ժամանակաընթացքում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իրենց հեռախոսազրույցներում չորս անգամ անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, միայն այս ամսվա ընթացքում' 3 անգամ: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքն ապրիլի 30-ին տեղեկացրեց, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

 

 

Հաջորդ այդպիսի հեռախոսազրույցի մասին հաղորդվեց մայիսի 2-ին: Լրատվական գործակալության հրապարակած տեղեկատվության մեջ մասնավորապես նշված էր. «Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի առնչությամբ»:

 

 

Եվս մեկ հաղորդագրություն մայիսի 10-ին՝ մայիսի 9-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսազրույցի վերաբերյալ. «Քննարկվել են միջազգային օրակարգի հարցեր, ներառյալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման խնդիրն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնարավոր քայլերը ներկայիս փուլում»,- ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության հղումով հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

 

Եվ, ահա, այսօր հրապարակեց նշված կարճ ժամանակաընթացքում հիշյալ գերտերությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների արդեն չորրորդ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նրանք անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Թե ինչ արդյունք կունենան նրանց այս հաճախակի քննարկումները Արցախյան հիմնախնդրի շուրջ, դրանք հակամարտության սառեցում կապահովե՞ն, թե տեղի կունենա ճիշտ հակառակը, պարզ կլինի ոչ հեռավոր ապագայում:

 

 

Արթուր Հովհաննիսյան