Որքան երկար է շարունակվում հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, որքան ինտենսիվ զինվում են հակամարտող կողմերը, այնքան բարձր է նոր էսկալացիայի, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ռիսկը: Այդ մասին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից առաջ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

 

 

«Վեց շաբաթ առաջ շփման գծում տեղի ունեցած կատաղի մարտերը ցույց են տալիս, որ երկարաժամկետ ստատուս-քվոն խոցելի է երկարաժմակտե առումով: Որքան երկար է շարունակվում հակամարտությունը, որքան ինտենսիվ են զինվում դրա կողմերը, այնքան նոր էսկալացիայի, անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ռիսկը մեծ է»,- վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասել է Շտայնմայերը: Նրա խոսքով' ԵԱՀԿ-ն կարևոր դեր է խաղում հակամարտության լուծման գործում:

 

 

«Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը երկար տարիների ընթացքում փորձում են որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ' ամրապնդել հրադադարի ռեժիմը, վերականգնել քաղաքական գործընթացը: Գերմանիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, սատարում է նրանց»,- ավելացրել է Շտայնմայերը:

 

 

Գերմանիայի ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ հիմնական նպատակը պետք է կայանա հետևյալում. «Շփման գծում պետք է հաստատվի ու ամրապնդվի հրադադարը, համաձայնեցվեն վստահության մեխանիզմները և սկսվի բանակցային գործընթաց: Դա որոշակի ժամանակ կպահանջի, օր առաջ որոշում չի լինի»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը: