Շաքարային ռետինոպաթիան այսօր աշխարհում հանդիսանում է բնակչության կուրության հիմնական պատճառներից մեկը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ 2010 թվականից Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վիտրեոռետինալ բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ա.Հ. Վարդանյանի ղեկավարությամբ ստեղծվել է շաքարախտով հիվանդների աչքի ախտահարումների դեմ պայքարի խորհուրդ, դիաբետով հիվանդների առաջնային հետազոտման կաբինետ:
Շաքարային դիաբետի հետևանքով ցանցաթաղանթում զարգացող անոթային բարդությունները՝ շաքարային ռետինոպաթիան, դասակարգվում է ոչ պրոլիֆերատիվ և պրոլիֆերատիվ ձևերի: Հիվանդությունը արտահայտվում է ինչպես ինսուլին կախյալ, այնպես էլ ոչ ինսուլին կախյալ շաքարային դիաբետով տառապող հիվանդների 25 %-ի մոտ:
Հիվանդները նշում են՝ տեսողության շղարշում և առարկաների պատկերի աղճատում, տեսողության վատացում գիշերային ժամերին, լողացող բծեր, գունային տեսողության վատացում:
Ոչ պրոֆիլերատիվ շաքարային ռետինոպաթիայի ախտանիշներն են՝ միկրոանևրիզմներ, լայնացած մազանոթներ, կետային և գծային արյունազեղումներ, նյարադաթելերի շերտում կոշտ էքսուդատներ, դեղին բծի կլինիկորեն արտահայտված այտուց:
Ոչ պրոֆիլերատիվ շաքարային ռետինոպաթիայի ժամանակ կատարվում է պանռետինալ լազերային ֆոտոկոագուլյացիա տեղային անզգայացումով՝ 2 կամ 3 փուլով, ինչպես նաև ինտրավիտրեալ (ապակենման մարմնի մեջ) Ավաստինի (Bevacizumab) ներարկումներով:
Պրոֆիլերատիվ շաքարային ռետինոպաթիայի ախտանիշներն են՝ տեսողական նյարդային սկավառակի կամ այլ հատվածի նեովասկուլյարիզացիա, պրեռետինալ արյունազեղումներ կամ արյունազեղումներ ապակենման մարմնի մեջ, պրեռետինալ ֆիբրոզ, ցանցաթաղանթի ձգումային շերտազատում, որի ժամանակ կատարվում է վիրահատություն՝ հետին փակ վիտրեկտոմիա 20G, 23G և ամենաժամանակակից 25G, 27G-ոց գործիքներով, ապակենման մարմնի ժամանակավոր փոխարինիչների՝ սիլիկոնային յուղի, C3F8 գազի, ֆիզ. լուծույթի. ստերիլ օդի, ծանր հեղուկի կիրառումով:
Վաղ սկսած բուժումը հնարավորություն է տալիս ավելի լավ վերահսկելու հիվանդության ընթացքը: Շաքարախտային ռետինոպաթիայի պատշաճ բուժումից հետո հաճախ նկատվում է վիճակի երկարատև կայունացում: Լազերային ֆոտոկոագուլյացիան բարելավում է տեսողությունը 17%-ի դեպքում:
Հիվանդության վաղաժամ ախտորոշման և ճիշտ բուժման իրականացման դեպքում հնարավոր է կանխել հիվանդության հետագա բարդացումը: