Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից: Սկսած այդ թվականներից, մեր Կենտրոնում տարեկան կատարվում է մոտ 100 եղջերաթաղանթի փոխպատվաստում: Տվյալ միջամտությունն ապահովում է չափազանց բարձր արդյունավետություն:
Եղջերաթաղանթի փոխպատվաստումը (կերատոպլաստիկան) միկրովիրաբուժական վիրահատություն է , որը հնարավորություն է տալիս լավացնել եղջերաթաղանթի տարբեր ախտաբանություններով հիվանդների տեսողության որակը: Վիրահատության նպատակը եղջերաթաղանթի անատոմիական ձևն ու ֆունկցիան վերականգնելն է, ինչպես նաև բնածին կամ ձեռք բերովի արատները վերացնելը:
Եղջերաթաղանթի ախտաբանությամբ պայմանավորված տեսողության խանգարումը, որը կապված է նրա թափանցիկության և ձևի խանգարման հետ, կրում է անդարձելի բնույթ և չի շտկվում ստանդարտ օպտիկական միջոցներով (ակնոցներ, կոնտակտային լինզաներ):
Նմանատիպ խնդիրների միակ լուծումը եղջերաթաղանթի փոխպատվաստումն է (կերատոպլաստիկան)՝ նրա վնասված հատվածի մասնակի կամ ամբողջական փոխարինմամբ:
Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատությունից հետո նշանակվում է հակամանրէային բուժում, գլյուկոկորտիկոստերոիդների ներակումներ, որոնք կանխում են հնարավոր ինքնամերժման ռեակցիան: Կարերն աչքի վրայից հեռացվում են վիրահատական միջամտությունից երկու ամիս անց որից հետո հիվանդին խորհուրդ է տրվում երկու տարի ժամկետում խուսափել հոգնեցուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
Ե՞րբ է անհրաժեշտ իրականացնել կերատոպլաստիկա:
Կերատոպլաստիկա անհրաժեշտ է իրականացնել եղջերաթաղանթի հետևյալ ախտաբանությունների դեպքում.
* կերատոկոնուս,
* եղջերաթաղանթի տարբեր ծագման լեյկոմաներ ( սպիտակ բծեր)՝ այրվածքային և դիստրոֆիկ,
* եղջերաթաղանթի բնածին և ձեռք բերովի դիստրոֆիաներ,
* եղջերաթաղանթի վնասվածքներից, վիրահատություններից և բորբոքումից հետո առաջացած սպիներ,
* եղջերաթաղանթի վնասվածքային դեֆեկտներ:
Հակացուցումներ
Միջամտությունը հակացուցված է եղջերաթաղանթի վրա անոթավորված լեյկոմայի առկայության դեպքում՝ հատկապես այրվածքային ծագման: Եղջերաթաղանթի փոխպատվաստում չի իրականացվում, եթե տրանսպլանտանտի ինքնամերժման ռիսկը բարձր է:
Ինչպե՞ս է տեղի ունենում վիրահատությունը
Վիրահատությունն իրականացվում է «մեկ օրյա» ռեժիմով, անզգայացման մեթոդի ընտրությունը պայմանավորված է մի շարք գործոններով (տարիքը, եղջերաթանթի ախտաբանության տեսակը, հիվանդի ընդհանուր վիճակը և այլն), կարող է կիրառվել ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացում:
Վիրահատության ժամանակ ակնագունդն անշարժացվում է, ապա վիրաբույժը որոշում է եղջերաթաղանթի հեռացման ենթակա հատվածի ճշտգրիտ չափը: Եղջերաթաղանթային լաթի ձևավորումից հետո ախտահարված հյուսվածքները հեռացվում են: Նրանց փոխարեն իմպլանտացվում է եղջերաթաղանթային տրանսպլանտատը, որի չափերը լիովին համապատասխանում են հեռացված լաթի չափերին:
Ըստ ցուցումների միաժամանակ կարող է իրականացվել նաև աչքի առաջային բացվածքի ռեկոնստրուկցիա (կատարակտայի հեռացում, ներակնային լինզայի տեղադրում կամ փոխում, ծիածանաթաղանթի պլաստիկա և այլն): Անհրաժեշտ բոլոր գործողությունների ավարտից հետո տրանսպլանտատը ֆիքսվում է հատուկ կարանյութով (թելի հաստությունը մարդկային մազից շատ անգամ բարակ է), վիրահատված աչքի վրա տեղադրվում է ամուր ճնշող վիրակապ, կարող են կիրառվել նաև հատուկ պաշտպանիչ կոնտակտային լինզաներ:
Վիրահատության օրը հիվանդը տուն է վերադառնում: