Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում գործող աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունն արդեն տասը տարի սեփական տեսողությունը գնահատող այցելուների կողքին է: Այստեղ վիրահատական ճանապարհով վերացվում են կոպերի և արցունքատար համակարգի հիվանդությունները, բազալ բջջային քաղցկեղը, դիմային նյարդի պարալիչից առաջացած խնդիրները և այլն: Որոշ հիվանդություններ մինչև վերջին տարիները համարվել էին անբուժելի: Այսօր նման խնդիր աչքի պլաստիկ վիրաբուժական ծառայությունը գրեթե բացառում է՝ շնորհիվ նորագույն վիրաբուժական մեթոդների, տեխնոլոգիաների և մասնագիտական ներուժի: Սա երաշխավորում է ծառայության վարիչ, բ.գ.թ. Արմինե Ղարաքեշիշյանը:

 

 

Փորձենք առավել մանրամասն հասկանալ, թե ինչ հիվանդությունների մասին է խոսքը, և դրանց վերացման կամ կանխարգելման համար ինչ հնարավորություններ կան այստեղ:

 

Կոպերի հիվանդությունները՝ կոպի կախվածությունը, տարիքային ներշրջվածությունը լինում են ինչպես բնածին, այնպես էլ տարիքային՝ ձեռքբերովի: Պտոզը լինում է տարբեր աստիճանների: Անտարբերության մատնելու դեպքում կոպն այնքան է կախվում, որ փակվում է մարդու բիբը, բացի կոսմետիկ խնդրից խանգարվում է նաև տեսողական ֆունկցիան: Եթե նախկինում պտոզի որոշ տեսակներ հնարավոր չէր վիրահատական ճանապարհով ուղղել, ապա այսօր արդեն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության բաժանմունքում համապատասխան տեխնիկայի առկայության և մասնագետների հմտության շնորհիվ հնարավոր է շտկել պտոզի բոլոր տեսակները: Կարելի է շտկել նույնիսկ այն պտոզը, որն ուղեկցվում է վերին կոպի բարձրացնող մկանի ծանր ախտահարումով, տեսողական ֆունկցիայի կորստով:

 

Սրանք նաև մկանային հիվանդություններ են՝ կախվում են կոպերը, և խանգարվում է մարդու տեսողական ֆունկցիան, հետևաբար՝ մարդու առօրյան: Պլաստիկ վիրաբուժության շնորհիվ կատարվում է նաև ծանր աստիճանի պտոզի կորեկցիա, որն արվում է աշխարհում ընդունված սիլիկոնային լարերի իմպլանտացիայի միջոցով: Էլաստիկ լարերի շնորհիվ, որ անց են կացվում ճակատային՝ վերին կոպը բարձրացնող մկանի միջով, մարդը կարողանում է հանգիստ փակել աչքերը, գիշերը քնել փակ աչքերով: Նախկինում այս խնդիրը լուծում չուներ, ինչը սահմանափակում էր մարդու կյանքը, կենցաղը, մասնագիտական գործունեությունը և այլն:

 

Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում մեծ թիվ են կազմում կոպերի մաշկի քաղցկեղի (բազալ բջջային քաղցկեղ) վիրահատությունները: Բազալ բջջային քաղցկեղը ախտահարում է կոպերը, չվիրահատելու պարագայում թափանցում է դեպի ակնակապիճ, ապա՝ գլխուղեղ, չի առաջացնում խորը մետաստազներ, սակայն ուշ հետազոտվելն ու վիրահատվելը կարող են հղի լինել ծանր հետևանքներով:

«Ցավոք հաճախ ունենում ենք ուշ դիմելիություն, դիմում են 20-25 տարի ուշացումով, բացատրում, որ սկսվել է կոպի վրա փոքրիկ հանգույցից: Այս քաղցկեղը կարելի է կանխել միայն վիրաբուժական ճանապարհով, այն չի ենթարկվում ոչ քիմիաթերապայի, ոչ որևէ այլ բուժման: Չի կարելի ինքնուրույն բուժումներ անել՝ սեղմել, կապել, փորձել ինչ-որ ձևով հեռացնել, քանի որ այն ուռուցք է և ներաճել է դեպի խորանիստ հյուսվածքներ»,-ասում է Արմինե Ղարաքեշիշյանը: Սա հիվանդություն է, որը շատ բնորոշ է Հայաստանին՝ պայմանավորված երկրի լեռնային դիրքով և ուլտրամանուշակագույն ճառագայթների ուժգնությամբ: Բազալ բջջային քաղցկեղն ամբողջ աշխարհում համարվում է ծերունական հիվանդություն, սակայն Հայաստանում այն ի հայտ է գալիս երիտասարդ տարիքում:

 

 

Երբեմն կոպերի մաշկի քաղցկեղը բորբոքման ձև է ունենում: Սակայն մի փոքր ուշադիր լինելու դեպքում կարելի է հեշտությամբ տարբերել դրանք: Բորբոքման դեպքում առաջանում է ցավ, ուռածություն, կարմրություն, իսկ ուռուցքը կարմրություն չի ունենում, ի տարբերություն բորբոքման, այն երբեք չի անհանգստացնում: Սկզբում ուռուցքը լինում է գնդաձև, ապա վերածվում է խոցի: Ուռուցքի մյուս կարևոր ախտանշանն էլ թարթիչների կորուստն է: Աչքի շուրջ եղած խալի ձևափոխումը, նոր խալերի, գնդիկների ի հայտ գալը, թարթիչների թափվելը ահազանգ են, որոնց դեպքում անմիջապես պետք է դիմել մասնագետի, որպեսզի հնարավոր լինի խուսափել հետագա բարդություններից:

Կենտրոնում կատարվում է նաև քաղցկեղի վիրահատության ժամանակ հեռացված կոպերի ռեկոնստրուկցիա: Կոպերի ամեն տեսակի դեֆեկտ ունի իր լուծման ճանապարհը: Փոքր վնասվածքների դեպքում պլաստիկ վիրաբուժական ծառայությունում կոպերը վերականգնվում են սեփական հյուսվածքների միջոցով, կատարվում է նաև փոխպատվաստում:


Պլաստիկ վիրաբուժության ծառայություններից է նաև դիմային նյարդի պարալիչից առաջացած մի շարք դիմային էսթետիկ խնդիրների վերացումը վիրաբուժական ճանապարհով. վիրահատություններ, որոնք արվում են միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում: Ինսուլտի հետևանքով ախտահարված կոպը կարող է չփակվել, ինչի արդյունքում չորանում է աչքի եղջերաթաղանթը: Այլևս այս պատճառով աչքից հրաժարվելը ճակատագիր չէ: Ոսկե իմպլանտի տեղադրման միջոցով պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում վերականգնվում է աչքը բացել-փակելու ֆունկցիան: Իմպլանտները ձուլվում են մաքուր ոսկուց և, ի տարբերություն, ամերիկյան արտադրանքի՝ հասանելի են գրեթե յուրաքանչյուր այցելուին:

 

Ինչպես բազալ բջջային քաղցկեղը, այնպես էլ արցունքատար համակարգի հիվանդություններն աշխարհագրական դիրքի պատճառով մեծ տարածում ունեն մեր երկրում: Արցունքապարկի թարախային բորբոքման ժամանակ փակվում են արցունքաքթային ուղիները, արցունքապարկը սկսում է հավաքել արցունքը, այն ենթարկվում է թարախային բորբոքման, սկսվում է արցունքահոսություն և թարախահոսություն: Այս հիանդությունը առավել տարածված է կանանց շրջանում, և եթե հիվանդության միջազգային տարիքը 60-65-ն է, ապա Հայաստանում հիվանդությունը գլուխ է բարձրացնում 30-35-ում: Ս.Վ. Մալայանի անվան կլինիկայում իրականացվում է սպեցիֆիկ վիրահատություն՝ բացվում է նոր ոսկրային ուղի, որով արցունքները նոր ճանապարհով սկսում են դեպի քիթ գնալ: Պլաստիկ վիրաբուժական բաժանմունքում կատարվում են բոլոր արցունքատար ուղիների վիրահատությունները:

 

Լինելով տարածաշրջանում միակ կլինիկան՝ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում մատուցվող պլաստիկ վիրաբուժական ծառայություններից օգտվում են հիվանդներ՝ ինչպես հարևան Իրանից, Վրաստանից, այնպես էլ Ռուսաստանի և Եվրոպայի շատ քաղաքներից: Գների մատչելիությունը Հայաստան է բերում նույնիսկ Միացյալ Նահանգների քաղաքացիների, թեև պլաստիկ վիրաբուժության հմտություններին հայ բժիշկները տիրապետում են շնորհիվ ամերիկյան դպրոցի: