Այն դեպքում, եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը թույլ չտա հումանիտար օգնություն հասցնել պաշարված քաղաքներ՝ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը առաջարկում են դրանք օդից նետել: Ինքնաթիռներից բեռի նետումը ռիսկային և հուսահատ քայլ է: Այն ճշգրիտ նետելը շատ դժվար է, և եթե այն սխալ վայր ընկնի, կարող են մահանալ կամ տուժել այն մարդիկ, ում համար այդ օգնությունը նախատեսված է: Այս մասին գրում է The New York Times-ը:

 

Առաջին հայացքից, այս քայլը կարծես մարդասիրական ժեստ լինի երկու երկրների կողմից, որոնք, թվում է, գործընկերներ են, ովքեր ձգտում են վերջ տալ Սիրիայում արյունալի քաղաքացիական պատերազմին: Սակայն, իրականում, այն ևս մեկ անգամ ցույց է տալիս Սիրիայում և այլուր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկերեսանիությունը: Ասադը պահպանում է իշխանությունը հիմնականում ռուսական ռազմական օգնության շնորհիվ: Դժվար է հավատալ, որ Պուտինը, ով իրեն երևակայում է որպես մի մարդ, ով կարող է հասնել ցանկալի արդյունքների, չի կարող համոզել Ասադին թույլ տալ հումանիտար շարասյուններին մտնել շրջափակված քաղաքներ:

 

Սիրիան միակ երկիրն է, որտեղ Ռուսաստանը կրկին հզոր երկիր դարձնելու Պուտինի մոլուցքը ուժեղացնում է անկայունությունը, ինչպես նաև ծնում է քաղաքական կասկած ու թշնամանք, որը թուլացել է Խորհրդային Միության փլուզումից հետո:

 

Ռուսաստանը նաև ագրեսիվ և վտանգավոր գործողություններ է իրականացնում օդում և բաց ծովում:

 

Այս ամենը Միացյալ Նահանգների հետ անմիջական առճակատման ռիսկ է ստեղծում: Ամերիկյան ռազմական ուժերը զսպվածություն են ցուցաբերում, սակայն որոշումն այն մասին, թե արդյոք մոտեցող ինքնաթիռը սպառնալիք է ներկայացնում, ընդունվում է անմիջապես, և այստեղ ոչ ոք չի կարող երաշխավորել նման զսպվածություն:

 

Պուտինը սխալ պատկերացում ունի ՆԱՏՕ-ի մասին, որում սառը պատերազմի ավարտից հետո լայնածավալ ապառազմականացում է իրականացվել, և նրան սպառնալիք է համարում: Նրա ագրեսիվ պահվածքը կարող է հանգեցնել հենց այն ուժեղացված դաշինքի ստեղծման, որից նա վախենում է, և որը շատ ավելի լուրջ է վերաբերվում ռազմական ծախսերին, չնայած տնտեսական աճի, սիրիացի փախստականների և քաղաքական դիսֆունկցիայի հետ կապված խնդիրներին: