Եվրամիության երկրների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկվել է միավորման արձագանքը Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված է հունիսի 23-ին: Հարցումների համաձայն՝ Brexit-ի կողմնակիցների եւ հակառակորդների թվաքանակը մոտավորապես հավասար է:
«Խոսքն այն մասին է, որ ունենանք պատրաստված տարբերակ, այլ ոչ թե սպասենք հունիսի 23-ին»,- գործակալությունը մեջբերել է իրադրությանը ծանոթ ԵՄ-ի աղբյուրի խոսքը:
Հանդիպումն անցկացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի կաբինետի ղեկավար Մարտին Սելմայերը: Ինչպես նշում է գործակալությունը, դրան մասնակցել են Գերմանիայի եւ Ֆրանսիայի դիվանագիտական շրջանների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: