Երբ իրանցիները սկսեցին սեփական երկրի դարպասները բացել աշխարհի առաջ ու Իրանն ինտեգրել համաշխարհային տնտեսության մեջ,Հայաստանում սկսեցին հնչել կարծիքներ ու ոգևորված հայտարարություններ այն մասին, որ մեր երկրի անշեղ զարգացման ժամանակն է եկել,իսկ Իրանի հետ տեղի ունեցածը միայն գալու է ամրապնդելու մեր երկրի դիրքերը' միջազգային ասպարեզում. Հայաստանը, ըստ այդ կանխատեսումների, անխուսափելիորեն վերածվելու էր Իրանն արտաքին աշխարհի հետ կապող հիմնական օղակի ու հանդիսանալով նաև ԵՏՄ անդամ երկիր' դառնալու էր իրական այլընտրանք' Ադրբեջանին, որը, ինչպես հայտնի է, չնայած ԵՏՄ անդամ չէ, բայց Իրանը աշխարհի հետ կապող հիմնական հարավային միջանցքն է տասնամյակներ ի վեր: Որքան էլ տհաճ լինի խոստովանելը, սակայն, շատ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի պարզ դառնար' միանգամայն անհիմն էին էյֆորիկ հայտարարություններն ու լավատեսական վերլուծությունները, ու Հայաստսնը ինչպես որ մեկուսացված կար, այդպես էլ, փաստացի, շարունակում է մնալ. Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը, կարելի է ասել, որևիցե օգուտ մեզ չտվեց, իսկ այն ակնկալիքները, թե Ադրբեջանի փոխարեն իրանցիները շուտով նախընտրելու են Հայաստանը'որպես տարանցիկ երկիր, սին դուրս եկան:
Ինչպես պարզվում է, և ինչպես ցույց են տալիս անկախ վերլուծություններն, այս տհաճ իրավիճակը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, գալիս է ոչ թե իրանցիների չկամությունից' Ադրբեջանը փոխարինելու Հայաստանով, այլ' հենց մեզանից. պարզվում է, որ ի տարբերություն Ադրբեջանի, որը բավական ճարպիկ գտնվեց ու վերացրեց «ճանապարհահարկ» կոչվածը, Հայաստանում յուրաքանչյուր իրանական մեքենայի համար սահմանված է հարյուրավոր դոլարների հասնող ճանապարհահարկ, որը իրանցին ստիպված է լինում վճարել թե՛ գնալիս, թե՛ վերադառնալիս. այս ամենից հետո խոսել Հայաստանի'որպես տարանցիկ երկրի գրավչության մասին կարող է միայն անհույս լավատեսը:
Հայտնի է, որ մենք մեր ունեցած անհաջողությունների, խնդիրների ու հետընթացի համար սովորաբար մեղադրում ենք այլոց' երբեմն ընդունելով այնպիսի կեցվածք, ասես ուրիշներն են պարտավոր լուծել մեր իսկ խնդիրներն ու երկիրը դուրս բերել այն անհույս վիճակից, որում հայտնվել է երկար տարիներ:Ինչպես իրանցիներն են մասնավոր զրույցներում հաճախ վկայում, իրենց համար շատ ավելի նախընտրելի կլիներ, եթե աշխարհի հետ կապն իրենք իրականացնեին ոչ թե Ադրբեջանի միջոցով, որն, ըստ էության, հակառակորդ երկիր է, այլ' բարեկամ Հայաստանի, սակայն բախվելով բացառապես հայկական կողմի անփութության հետևանքով առաջ եկած պատնեշներին'չեն կարողանում մեր երկրի տարածքը ծառայեցնել սեփական տնտեսությունը զարգացնելուն. ինչպես ասում են' խոսքերն ավելորդ են:
Թե երբ ենք մենք վերջապես սթափվելու ու մեկընդմիշտ գիտակցելու, որ մեր երկրին պատուհասած շատ ու շատ խնդիրների հետևում մեր իսկ անտարբերությունն ու անշրջահայացությունն է թաքնված, հայտնի չէ, բայց որ նման տեմպերով առաջ գնալ մենք այլևս չենք կարող, պարզ է անգամ ծծկերին…
Դավիթ Բաբանով