Պարտադի՞ր էր, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը ս. թ. մայիսի 30-ին ձերբակալվեր միայն այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 20-ի հրամանագրով, զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքի լրանալու պատճառով, արդեն ազատված էր զբաղեցրած պաշտոնից:
Բնականաբար, հարց է առաջանում' սպասեցին տարիքը լրանա, նո՞ր ձերբակալեցին… Ոմանք գուցե փորձեն ասել, թե մեկը մյուսի հետ որևէ կապ չունի, բայց ես, կարծում եմ, բավականաչափ ծանոթ մեր երկրում առկա վարք ու բարքին, չեմ կարող հավատալ դրան, ինչպես նաև նրան, որ Հայաստանի Հանրապետությունում գեներալ-մայորը կարող է ձերբակալվել առանց ՀՀ նախագահի գիտության և, ինչպես ասում են, «դաբրոյի»:
Իշխանությունները սովորաբար այսպիսի քայլերի են գնում միայն այն բանից հետո, երբ դանակը ոսկորին է հասած լինում, մինչդեռ նման արատավոր պրակտիկան շարունակելու դեպքում մենք մեր ձեռքերով կքանդենք մեր պետությունը: Ի՞նչ է' այն ամենը, ինչի համար ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել) ձերբակալվել, հետո մեղադրվել ու կալանավորվել են գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը և գնդապետ, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ Արմեն Մարգարյանը, նրանք մեկ կամ երկու ամսո՞ւմ են արել, թե 1 կամ 2 տարում…
Դե, իհարկե, կարող են ասել, թե նրանց հանցավոր գործունեությունը նկատվել է միայն վերջերս: Առանձնապես չեմ զարմանա, եթե հետագայում պարզվի, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում այժմ քննվող զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Բայց եթե դա իրոք այդպես լինի, ապա հարց կառաջանա' մեզանում մի՞ թե միայն պատերազմների շնորհիվ կարող են այդպիսի չարաշահումները ջրի երես դուրս գալ, հարուցվել քրեական գործեր, մի՞ թե համապատասխան պաշտոնյաների, մարմինների սթափվելու համար պատերազմներ են պետք…
Հիշեցնենք, թե ըստ պաշտոնական տեղեկատվության, ավելի որոշակի ինչի համար են մեղադրվել ու կալանավորվել հիշյալ պաշտոնյաները: Ըստ նախնական քննության տվյալների, Մելսիկ Չիլինգարյանի և Արմեն Մարգարյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ շուկայական գներից բարձր գներով ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ, իսկ որոշ դեպքերում գնումներն ուղղակի եղել են չպահանջված, ոչ անհրաժեշտ:
Նկատենք, որ վերոնշյալ գործողությունը կոռուպցիայի դասական օրինակներից մեկն է: Ավելին. եթե շուկայական գներից բարձր գներով տարբեր ապրանքատեսակների ձեռքբերումը կատարվել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, իսկ պաշտոնյան իր պաշտոնեական դիրքը չարաշահում է, երբ որոշակի շահագրգռություն ունի, ապա դա հուշում է, որ նրանք կարող են «ատկատներ» ստացած լինել կամ էլ պարզապես ֆինանսական արտահայտությամբ առանձնապես խոշոր չափերի լավություն արած լինել մերձավորներին կամ յուրայիններին: Կարծում եմ, միայն միամիտները կարող են մտածել, թե նրանք նախապես անտեղյակ են եղել այդ ապրանքների շուկայական գներին:
Դարձյալ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկատվության, «Մասնավորապես՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ առանց համապատասխան պահանջարկի ՍՊ ընկերության հետ կնքվել է շուրջ 145 մլն դրամի պահեստամասերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում ձեռք են բերվել չպահանջված պահեստամասեր՝ ակնհայտ ուռճացված գներով»։
Մարդիկ Հայաստանի Հանրապետությունում ստանում են խայտառակ ու հանցավորության աստիճանի ցածր նպաստներ ու թոշակներ, բնակչության գերակշիռ մեծամասնությունը երկրում առկա ապրանքների, ծառայությունների գների, սակագների ու վճարների համեմատ չափազանց ցածր աշխատավարձ է ստանում, Հայաստանում ապրողների մեծ մասը սոցիալական առումով վատ ու շատ վատ է ապրում, սոցիալական ապահովության, առողջապահության և այլ ոլորտներ բավարար չափով չեն ֆինանսավորվում, գումարները հատկացվում են մեր Զինված ուժերին, քանի որ ցանկացած պահի պատերազմի վտանգն աչքի առաջ ունեցող և կիսապատերազմական վիճակում գտնվող երկիր ենք:Եվ այս պարագայում ակնհայտ ուռճացված գներով շուրջ 145 մլն դրամի չպահանջված պահեստամասե՞ր գնվեն… Սա արդեն կատարյալ անխղճություն է և, կարծում եմ, ավելին, քան պարզապես զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանքը , սա ոտնձգություն է մեր ազգային անվտանգության նկատմամբ:
Ի դեպ, եթե նախորդին զուգահեռ քննվող մեկ այլ քրեական գործով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը մայիսի 31-ի դրությամբ կասկածվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ապա արդեն 2 օր հետո' հունիսի 2-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն' շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու, ինչպես նաև իշխանության անգործության համար, որոնք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել: Սա մի հանգամանք է, որը հույս է ներշնչում քննության օբյեկտիվության առումով, իսկ մնացածը, ինչպես ասում են, տեսնենք, ժամանակը ցույց կտա…
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Երկրորդ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ գնդապետը, ի պաշտոնե պատասխանատու լինելով գնման ենթակա ապրանքների, ծառայությունների շուկայական գների ուսումնասիրությունը կազմակերպելու համար, անձնական շահագրգռվածությունից ելնելով, բարենպաստ պայմաններ է ստեղծել՝ մի շարք ապրանքների ձեռք բերման մրցույթում կոնկրետ ընկերության հաղթելու հավանականության համար։ Արդյունքում՝ իր ազգականի կողմից ղեկավարվող ընկերության հետ ստորագրվել է պայմանագիր՝ շուկայականից շատ ավելի բարձր գներով 29 անվանում ապրանքատեսակների մատակարարման վերաբերյալ»։
Բնականաբար, հարցեր են առաջանում' ինչո՞ւ վերը նշվածը ՀՀ զինված ուժերի հրամանատարության կամ համապատասխան ղեկավարների, ՀՀ պաշտպանության նախարարության վերստուգիչ-վերահսկիչ լիազորություններ ու գործառույթներ ունեցող վերահսկիչ վարչության, ներքին աուդիտի վարչության, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության, թերևս նաև ռազմական ոստիկանության կողմից ավելի վաղ չեն նկատվել: Ինչո՞ւ այս ամենի կապակցությամբ ավելի վաղ կամ ժամանակին չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ: Հակառակ պարագայում' ինչո՞ւ են ստեղծվել այդ օղակները կամ մարմինները, որոնք բյուջեի, այսինքն' նաև հարկատուներիս հաշվին հսկայական գումարներ են սպառում: Ո՞վ կարող է պատասխանել այս հարցերին:
Եվս մեկ հարց' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ս. թ. ապրիլի 26-ի հրամանագրերով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանին զբաղեցրած պաշտոնից ազատելը որևէ կապ ունի՞ վերը նշված չարաշահումների, բացահայտումների հետ:
Ի դեպ, Nyut.am կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն, ամենայն հավանականությամբ, առաջիկայում գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանի հետ միասին աշխատանքից «իր դիմումի համաձայն» կազատվի նաև ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերոբ Աբրահամյանը: Ըստ նույն կայքի հրապարակման, «Շշուկներ կան, որ վերջինիս նկատմամբ, հնարավոր է, քր. գործ հարուցվի»:
Արթուր Հովհաննիսյան