Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակը Վլադիմիր Պուտինին ավանդական արձանագրային ուղերձ է, այն պատասխան չի պահանջում:

 

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Երեկ Կրեմլում հաստատել էին, որ ստացել են ուղերձը, որում Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինին եւ բոլոր ռուսաստանցիներին շնորհավորել էր անցած՝ «Ռուսաստանի օրվա» առթիվ եւ ցանկացել, որպեսզի Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները դուրս գան «արժանի մակարդակի»:

 

«Ազգային օրերի կապակցությամբ նման ուղերձների փոխանակումը կատարվում է ավանդաբար: Դա արձանագրային, սովորական պրակտիկա է միջազգային հարաբերություններում», -պարզաբանել է Պեսկովը' նշելով, որ «որեւէ այլ էական պահեր, ցավոք, այդ ուղերձում չի եղել»:

 

Պեսկովի խոսքով' երկրների միջեւ բարդ դիվանագիտական հարաբերությունները միշտ չէ, որ առիթ են հանդիսանում նամակների փոխանակումը դադարեցնելու համար:

 

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը եւս ռուսաստանյան կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւին հղած նամակում հույս էր հայտնել այն բանի համար, որպեսզի առաջիկայում երկու երկրների միջեւ համագործակցությունն ու հարաբերությունները «հասնեն երկու ժողովուրդների ընդհանուր շահերի համար անհրաժեշտ մակարդակի»:

 

Թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ները համառորեն լուրեր են շրջանառում այն մասին, որ Թուրքիայի ղեկավարները Բելոռուսի եւ Ադրբեջանի նախագահներին «խնդրել» են միջնորդական գործունեություն ծավալել Թուրքիայի նկատմամբ ՌԴ-ի ղեկավարների կոշտ դիրքորոշումը մեղմացնելու ուղղությամբ' Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները նորմալ հուն վերադարձնելու նպատակով:

 

Ըստ Ռուսաստանյան ԶԼՄ-ների' Մոսկվայի կողմից 2016 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի դեմ իրականացվող պատժամիջոցների արդյունքում, մինչեւ տարեվերջ Թուրքիան մոտ 10 մլրդ դոլարի վնաս կկրի: