Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել է վերականգնել հարաբերությունները Եվրամիության հետ. Ռուսաստանը պատրաստ է ընդառաջ գնալ, բայց դա մեկ դարպասով խաղ չէ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ Պուտինը հունիսի 17-ին հանդես է եկել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում:

 

«Ինչպես ցույց տվեցին Գերմանիայի եւ Ֆրանսիայի գործարար շրջանների ներկայացուցիչների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումները, եվրոպական բիզնեսը ցանկանում է եւ պատրաստ է համագործակցել մեր երկրի հետ: Հարկավոր է, որ քաղաքական գործիչներն ընդառաջեն բիզնեսին, դրսեւորեն իմաստնություն, հեռատեսություն եւ ճկունություն: Մեզ հարկավոր է վերադարձնել վստահությունը ռուս-եվրոպական հարաբերություններում եւ վերականգնել փոխգործակցության մակարդակը»,-հայտարարել է Պուտինը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը չի եղել ԵՄ-ի հետ հարաբերությունների խզման նախաձեռնողը: «Բայց մենք, ինչպես մեզ մոտ ժողովուրդն է ասում, քեն չենք պահում, եւ պատրաստ ենք ընդառաջ գնալ մեր գործընկերներին, բայց դա չի կարող լինել մեկ դարպասով խաղ»,-հավելել է ՌԴ նախագահը:

 

Պուտինը նշել Է, որ եվրոպական երկրները կարող էին միանալ Եվրասիական մեծ գործընկերության նախագծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: