Չնայած՝ սովորաբար ընդունված է համարել, որ Հայաստանն ամուր ընտանեկան արժեքների ու ազգային ավանդույթների կրող է ու, ասենք ի տարբերություն նույն արևմտյան աշխարհի, այստեղ ընտանիքի ինստիտուտը ճգնաժամային վիճակի մեջ չէ, բայց ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այնպես էլ մեզ մոտ, կան, գործում են խնամատար կենտրոններ, որբանոցներ, որոնց թիվը, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ հասնում է 41-ի, ուր ապրում են թվով 4500 երեխա. այս հաստատություններում տեղավորված երեխաների 97%-ը սոցիալապես անապահով ընտանիքներից են:
Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստը մնում է փաստ, սական, որ ամենակուլ կոռուպցիան, կաշառակերությունն ու ատկատները հասել են նաև այս հաստատություններ, ինչը ոչ միայն դեմ է բոլոր հնարավոր պետական օրենքներին, այլև հակամարդկային է, քանի որ այն, ըստ էության, լավագույնս արտահայտում է Հայաստանի պետական բարձր օղակներում առկա կեղտոտ բարքերը, երբ որոշ չինովնիկներ փորձում են փող աշխատել անգամ որբերի, լքվածների, հատուկ խնամք պահանջող մարդկանց վրա:
Ի դեպ, եթե չեք մոռացել, Հայաստանի բոլոր մանկատները, գիշերօթիկ դպրոցները, հատուկ կրթական հաստատությունները գտնվում են Արտեմ Ասատրյանի ղեկավարած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հովանու ներքո, ու բոլոր այն խնդիրները, որոնք վերաբերում են վերոհիշյալ հաստատություններին, նախևառաջ սույն նախարարության աշխատանքում առկա թերացումների, տեղ գտած կոռուպցիոն դրսևորումների արդյունք է' անկասկած:
Չնայած՝ շարունակ թմբկահարվում է, թե իբր վերջին տարիներին շատ բան է արվել՝ երկրում որբանոցների ու հիվանդ երեխաների խնամքի կենտրոնների աշխատանքները համակարգելու ու դրանցում հնարավոր չարաշահումները բացառելու համար, իրականում, սակայն, ոչինչ էլ չի փոխվել, ու հատկապես շրջանների ու մարզերի որբանոցների վիճակը ոչ մի կերպ մխիթարական չես համարի:
Բանը հասել է նրան, որ այս խնդիրների մասին սկսել է բարձրաձայնել անգամ ԱՄՆ դեսպան Միլսը, ով, մի քանի օր առաջ մեկնելով Լուռու մարզ, հանդիպումներ ունենալով մարդու իրավունքների հարցերով զվաղվող մի շարք կառույցների հետ, այցելել է նաև Վանաձորի մանկատուն: Դեսպանն, ըստ էության, սարսափած այն վիճակից, որ տիրում է մարզերի մեր մանկատներում, հանդես է եկել խոսքով, ուր շեշտադրել է բոլոր այն խնդիրները, որոնց ծանոթ են բոլոր նրանք, ովքեր այս կամ այն պատճառով ստիպված են եղել հարաբերվել նմանատիպ կառույցների հետ:
Խոսելով խնամքի կենտրոնների մասին՝ Միլսը, մասնավորապես, նշել է. «Երեխաները պատշաճ խնամքի, հոգածության, սիրո ու աջակցության իրավունք ունեն: Նման խնամք ու հոգածություն ապահովելու համար խնամատար հաստատությունները, թերևս, լավագույն վայրը չեն: Բացի այդ՝ դա թանկ տարբերակ է պետության համար և կոռուպցիոն դրսևորումների տեղիք է տալիս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսավորումը հատկացվում է հաստատության սաների թվի հիման վրա և ոչ խնամքի որակի հիման վրա»:
Այսքանից հետո մի շատ բնական հարց է առաջանում՝ ինչո՞վ են զբաղված Ասատրյանի ենթակաները, եթե սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս հաստատություններում վխտում է կոռուպցիան, իսկ կեցության պայմաններն էլ ամենևին էլ իդեալական չեն: Ո՞ւր են գնում այն միլիոնավոր դրամները, որ պետությունն ամեն տարի հատկացնում է ոլոտին, մի՞թե Ասատրյանի գրպանը…
Հետաքրքրիր է' ի՞նչ են այս ամենի մասին մտածում կառավարությունում, մի՞թե վարչապետի' կոռուպցիայի դեմ մղած պայքարը բացառապես շարունակելու է վերաբերել տրանսպորտային միջոցներին, թե՞, այնուամենայնիվ, սույն պայքարի շրջանակում իրենց լուծումն են գտնելու այնպիսի խնդիրներ, որոնց առկայությունը Հայաստանին ոչ մի կերպ պատիվ չի բերում. որբանոցներում ու խնամատար այլ կենտրոններում տիրող անհույս վիճակն այդ խնդիրներից ամենաառաջնահերթն է:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ