Հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում ճանապարհային ոստիկանությունում իրականացվելիք նորամուծությունը թույլ կտա առավել մանրամասն հետևել ճանապարհային ոստիկանների գործողություններին՝ որակապես նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը: Առաջիկայում բոլոր ճանապարհային ոստիկանները կունենան իրենց համազգեստին ամրակցվա ծ տեսախցիկներ, որոնք մշտապես կլինեն միացված վիճակում:
Ճանապարհային ոստիկանը չի կարողանա իր ցանկությամբ անջատել սարքը, քանի որ չֆիքսված յուրաքանչյուր րոպեի համար նա պարտավոր կլինի հիմնավոր բացատրություն ներկայացնել ղեկավարությանը:
«Տեսախցիկը նկարահանում է մոտ 180 աստիճան անկյան տակ: Հիշողությունը 3 օրը մեկ ավտոմատ թարմացվում է, անհնար է ջնջել որևէ տեսանյութ: Գերժամանակակից նկարահանող սարքերը նկարահանում կիրականացնեն գիշեր թե ցերեկ, -50-ից + 50 ջերմաստիճանի պայմաններում: Կոտրվել, փչանալ, ջարդվել բառերը այս տեսախցիկների համար չեն»,- նշվում է ոստիկանության հաղորդագրությունում:
Ջերմադիմացկուն, հարվածակայուն խցիկների նկարահանած նյութերը հնարավոր կլինի հետևել միայն մեկ համակարգչով և մեկ ծրագրով: Այս ամենը, իհարկե, թույլ կտա առավել մանրամասն հետևել ճանապարհային ոստիկանների գործողություններին և որակապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, տարատեսակ միջնորդություններն ու հեռախոսազանգերը, օգտակար կլինի վիճելի հարցերը լուծել իրական փաստերով:
Շուտով նման տեսախցիկներ կունենան բոլոր ճանապարհային ոստիկանները: