The Washington Post թերթի կայքում հրապարակված հոդվածում ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտնել է, որ Ռուսաստանն ու իր դաշնակիցները մեծ օգուտ կքաղեն Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալով՝ միության թուլացման ֆոնին։
«Ներկայում Եվրոպան թուլանում է, իսկ Ռուսաստանը, իր դաշնակիցներն ու իր բազմակողմ կազմակերպությունները՝ ամրապնդվում, նաև՝ նոր անդամներ ներգրավում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իհարկե, քվեարկության (հանրաքվեի-Խմբ.) պատճառը չէր, սակայն սա ձեռնտու է նրան ու իր արտաքին աշխարհաքաղաքական նպատակներին»,- նշել է նախկին դեսպանը։
Նրա կարծիքով՝ թագավորության դուրս գալը ԵՄ կազմից «վերջնական արդյունքում կթուլացնի հենց միությունը»։
Միևնույն ժամանակ, նա հերթական անգամ կրկնել է մի շարք եվրոպացի պաշտոնյաների կարծիքը, որ Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքները կարող են ազդել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վրա, ինչպես նաև թուլացնել ԱՄՆ գլխավոր դաշնակցին՝ Մեծ Բրիտանիային։
Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի արդյունքների համաձայն՝ ընտրողների կեսից ավելին՝ 51.8%-ը, կողմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն:
Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով կոչ էր անում շարքային բրիտանացիներին դեմ քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալուն, արդեն հայտարարել է հրաժարականի մասին: