Twitter սոցցանցի անանուն օգտատեր Ֆուաթ Ավնին հայտնել է, որ պաշտպանության հարցերի վրա մասնագիտացող թուրքական SADAT International խորհրդատվական ընկերությունը զբաղվել է գաղտնի զինված կազմավորման անձնակազմի պատրաստությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Ֆուաթ Ավնին, որը միլիոնավոր բաժանորդներ ունի, Twitter-ի իր էջում հայտնել է անցած շաբաթ երեկոյան:
Նրա խոսքով' Գաղտնի ստորաբաժանումը այլընտրանք է հանդիսանում Թուրքիայի անվտանգության ուժերին եւ ձեւավորված է «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով արյունալի հատուկ գործողություններ իրագործելու համար»:
Թուրքիայում Ֆուաթ Ավնին հուսալի համբավ է վաստակել' մերկացնելով կոռումպացված չինովնիկներին եւ իշխանությունը չարաշահող կառավարության անդամներին: Նա պնդում է, որ ինքը մտնում է նախագահ Էրդողանի մերձավոր շրջապատը կազմող մարդկանց թվի մեջ:
Twitter-ում հրապարակված տեղեկությունների համաձայն' Ավնին պնդել էր, որ նախկինում SADAT defense company-ի ներկայացուցիչները վարժեցրել են գաղտնի բանակի ստորաբաժանումներին եւ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման որոշ մարտիկներին, որը արգելված է Ռուսաստանի Դաշնությունում:
SADAT Internatioanl-ը հիմնվել է թոշակառու գեներալ Ադնան Թանրըվերդիի կողմից որպես ապօրինի զինված կազմավորում: Նախագահ Էրդողանի հրահանգով ընկերությանը ապահովել են հուսալի օրինական քողարկումով:
Նույն աղբյուրը պնդում է, որ «խորհրդատվական ընկերությունը» նախկինում զբաղվել է ԻՊ-ի մարտիկների պատրաստմամբ, բայց դադարեցրել է դա անել, երբ արեւմտյան հատուկ ծառայություններին հայտնի էր դարձել այդ գործունեության մասին:
Ըստ Ֆուաթ Ավնիի' ներկայում ընկերությունը զբաղված է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երիտասարդական թեւից եւ Էրդողանին բացահայտ կողմնակից Osmanli ocaklari (Օսմանցի օջախներ) կազմակերպությունից դեռահասներին զինվորական գործի ուսուցանմամբ:
«Նրանցից Թուրքիայում եւ արտասահմանում արյունալի պոտենցիալ ահաբեկչական գործողություններ կատարողներ են պատրաստում», -գրում է Ավնին:
Նույն աղբյուրը հավելել է, որ «մարդկանց եւ կազմակերպություններին, որոնք համարձակվում են դեմ արտահայտվել ինքնասիրահարված առաջնորդին (Էրդողանին), ոչ միայն դատելու են, նրանք նաեւ կարող են դառնալ այդ գաղտնի զինված կազմավորման թիրախը»:
Ֆուաթ Ավնիի կանապտեսումներով' Էրդողանի գաղտնի զորքերը կարող են քաղաքացիական պատերազմ հրահրել Թուրքիայում: