Խաչփառ գյուղի մոտ Հրազդան գետն ընկած 13-ամյա Արսեն Բալայանի որոնողական աշխատանքները դեռ արդյունք չեն տվել: Ավելին' շատ հնարավոր է, որ վարարած գետը նրան Թուրքիա քշած լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչփառի գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով' այսօր վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց գետը վարարած է եւ չեն կարողանում գտնել տղային: Գյուղապետը նաեւ ասաց, որ գետը միանում է Արաքսին եւ չի բացառվում, որ գետը Արսենին Թուրքիա քշած լինի, հետեւաբար, եթե առաջիկա օրերին որոնողական աշխատանքներն արդյունք չտան, ապա ստիպված են լինելու թուրքական կողմի հետ կապ հաստատել:
Խոսելով տեղի ունեցածի մանրամասների միասին, Շահեն Մարտիրոսյանն ասաց, որ Արսենը գետի ափին մի փայտի կտորի վրա նստած քար է նետել եւ թափից գետն է ընկել ու, քանի որ գետը վարարած է եղել հարեւանի աղջիկը, որքան էլ ճարպկորեն փորձել է նրան փրկել, չի ստացվել: Ավելին' գետը այդ աղջկան էլ է տարել, բայց մի կերպ աղջիկը կարողացել է փրկվել: Աղջիկը հիմա պառկած է:
Ավելի վաղ գյուղապետն ասել էր, որ Արսենի ծնողները հողագործությամբ են զբաղվում: «Սոցիալապես անապահով պայմաններում են ապրում, բայց շատ լավ մարդիկ են ու շատ խելոք: Արսենը եւս բավականին ազնիվ, երիտասարդ եւ խելոք, համեստ ու դաստիարակված տղա է»,- փոխանցել էր Շահեն Մարտիրոսյանը, ով քիչ հավանական էր համարել, որ Արսենը կենդանի մնացած կլինի:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Խաչփար գյուղի շրջանում գտնվող Հրազդան գետում այսօր' փետրվարի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, խեղդվել է 8-րդ դասարանի աշակերտ 13-ամյա Արսեն Բ.-ն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ով գտնվում էր դեպքի վայրում: Մարզպետը պատմել էր, որ ըստ նախնական տեղեկությունների' մի քանի երեխաներ գնացել են գետի ափ: Խեղդվող տղան մի աղջկա հետ նստել է ափին եւ հողը սկսել է սահել: Աղջկան հաջողվել է դուրս պրծնել, իսկ Արսենին' ոչ: Որոնողական աշխատանքները շարունակվում են: