Կատարվեց՝ ինչ կանխատեսված էր, գրում է Ստանիսլավ Տարասովը ИА REGNUM-ում:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ նամակ գրեց ռուս գործընկերոջը և հերթական անգամ վերահաստատեց իրավիճակի կարգավորման իր շահագրգռվածությունը՝ ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով, և երկու երկրի ռազմավարական գործակցության վերականգնմամբ: Բայց գլխավորը, ինչպես ընդգծեց ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, Թուրքիայի նախագահը հնչեցրեց ռուսական կողմի ակնկալած ներողությունը, որ ազդանշան է՝ Անկարան պատրաստ է քննարկել համապատասխան նյութական փոխհատուցումների հարցը: Անկարայի ու Մոսկվայի հրապարակային «նուրբ» ակնարկները փոխհարաբերությունների նորմալացման սկսված գործընթացի, ապա նաև երկու երկրի դիվանագետների չբարձրաձայնվող աշխատանքները տվեցին դրական արդյունքներ:

 

Բայց ինչքան էլ փորձես, Էրդողանի քայլը հնարավոր չէ ըստ արժանվույն գնահատել՝ կտրելով իրավիճակի ենթատեքստից, որ ձևավորվել է գլոբալ քաղաքականության մեջ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեից հետո: Աշխարհը փոխվում է և փոփոխություններին պետք է հարմարվել: Տևական ժամանակ Թուրքիան, փորձելով ձևավորել ազգային շահերից բխող արտաքին քաղաքականություն, հայտնվում էր իր արևմտյան գործընկերների քաղաքականության հետնաբակերում, որ հաստատվեց արաբական գարնան ժամանակ, հետո՝ սիրիական ճգնաժամի: Սադրանք սարքելով ռուսական ռմբակոծչի հետ՝ Անկարան կորցրեց Ռուսաստանի լուրջ աջակցությունը և տարածաշրջանի ճգնաժամային իրողությունների արձագանքման մեջ, և ահաբեկչության դեմ պայքարում, որտեղ հաճախ մնում էր մենակ:

 

Վաշինգտոնը և Բրյուսելը միշտ ցավագին են արձագանքում ռուս-թուրքական քաղաքական-տնտեսական ալյանսին, իսկ երբ փլուզվեց, նրանք Անկարայի ակնկալած աջակցության փոխարեն ուժեղացրին աննախադեպ ճնշումը: Էրդողանը գիտակցեց, որ Պուտինի աջակցությունն իրեն պետք է արտաքին քաղաքականության նոր սցենար սկսելու համար: Անտեսելով անձնական ամբիցիաները, նա նախապատվությունը տվեց երկրի ազգային շահերին՝ գրագետ ու ժամանակին քայլ արեց: Հիմա հավանաբար Սոչիում նախապատրաստվող ՍԾՏՀ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, ուր հրավիրված է և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հաշտեցման երկխոսությունը կշարունակվի, հատկապես՝ երկու նախագահի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Նրանք, բացի ավանդական թեմաներից ու պրոբլեմներից, քննարկելու բազում հարցեր ունեն, հատկապես, երբ անհետանում է ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման հեռանկարը:

 

Թուրքիայի պաշտպանության նախարարը, մեկնաբանելով Էրդողանի նամակը Պուտինին, վստահորեն հայտարարեց, որ «Անկարային ու Մոսկվային հիմա սպասում է նշանակալից առաջընթաց փոխհարաբերություններում»: Brexit-ից հետո Գերմանիան ու Ֆրանսիան առաջարկել են Եվրամիությունը փոխարկել միասնական սուպերպետության: Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր է 9-էջանոց փաստաթուղթ ներկայացնել Պրահայում Վիշեգորոդյան քառյակի իր գործընկերների հետ հանդիպմանը: Այդ նախագծի համաձայն՝ անդամ երկրները չեն ունենա սեփական բանակ, հատուկ ծառայություններ, առանձին Քրեական օրենսգիրք, ազգային տարադրամ, կորցնում են իրենց սահմանների, փախստականների ընդունման և տեղաբաշխման վերահսկողությունը: Նախագիծը առաջարկում է միասնական վիզային համակարգ, ընդհանուր արտաքին քաղաքականություն, ՆԱՏՕ-ի դերի սահմանափակում եվրոպական մայրցամաքում: Այդպիսի նվազումով պե՞տք է Թուրքիային ՆԱՏՕ-ն և չի՞ գալիս ալյանսի հետ փոխհարաբերությունները վերանայելու պահը: Դեպի ո՞ւր գնալ՝ նորի՞ց Արևմուտք, թե՞ Արևելք, որ հնարավոր չէ առանց Ռուսաստանի հետ իրական ռազմավարական ալյանսի: Շուտով կլինեն և այս հարցերի պատասխանները: