Ֆրանսիայի ազգային օրվան նվիրված բոլոր միջոցառումները Թուրքիայի տարածքում անվտանգության նկատառումներից ելնելով չեղյալ հայտարարելուց հետո՝ թուրքական ուժայինները Ստամբուլում անվտանգության խստացված միջոցներ են սկսել ձեռնարկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:
Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսարանի շենքի մոտ հատուկ ուժային ոստիկաններ են, իսկ «Մարմարայ» երկաթուղու բոլոր մուտքերում ստուգվել են ուղևորներն ու նրանց պայուսակները:
Նախօրեին Ֆրանսիայի դեսպանության պաշտոնական կայքը հայտարարություն տարածեց այն մասին, որ Անկարայում Ֆրանսիայի դեսպանությունը և, Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունն անվտանգության նկատառումներից ելնելով, փակվել են: Թուրքիայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները հուլիսի 13-ից' տեղի ժամանակով 13:00-ից, փակ կլինեն մինչև համապատասխան հրահանգը:
Միաժամանակ չեղյալ են հայտարարվել Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում հուլիսի 14-ին նախատեսված տոնակատարությունները' նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին: