armnoc.am Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
«Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի հաջորդ հերոսը ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն է: Նազիկը հայկական ծանրամարտի կենտրոններից մեկի՝ Գյումրու մարզադպրոցի սան է: Նա ծնվել է 1986 թվականին Հայաստանի երկրորդ ամենախոշոր քաղաքում՝ Գյումրիում:
Նազիկը մարզիկների այն դասին է պատկանում, ովքեր ապացուցում են, որ անհնարին ոչինչ չկա: Նազիկն ավտովթարից հետո փյունիկի պես հառնեց և 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձավ հին աշխարհամասի չեմպիոն: Միշտ պայքարող, միշտ ուժեղ և միշտ կանացի Նազիկը իր մեծագույն նվաճումը համարում է իր տղային:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Երբևէ թալիսման չեմ ունեցել և այս խաղերն էլ բացառություն չեն:
-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Մարզիկների երազանքների գագաթնակետ:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Բնականաբար, ամուսնուս և իմ տղային՝ հրեշտակիս:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Նախ և առաջ, մարզիչիս և, իհարկե, նաև ընտանիքիս մյուս անդամների հետ:
-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Առանց ափսոսանքի և ժպիտով: