armnoc.am Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր նախագծի հաջորդ հերոսը հավաքականի ամենակրտսեր անդամներից մեկն է' ծանրորդ Սոնա Պողոսյանը: Ծանրամարտի' Հայաստանի կանանց հավաքականում քիչ-քիչ, բայց հստակ քայլերով իր տեղն է ամրագրում Պողոսյանը: Սոնան ծնվել է 1998 թվականին Քասախում: Ծանրամարտով զբաղվում է 13 տարեկանից:
Սոնան մասնակցել է նաև պատանեկան Օլիմպիական խաղերին և հիմա էլ' ընդամենը 18 տարեկանում, մասնակցելու է Օլիմպիական խաղերին: Սոնան սիրում է կարդալ, սիրում է իր գործը և հստակ գիտի իր ուժերի սահմանը:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Առարկա չունեմ, որ թալիսման է, սակայն կա մեկն, ով ինձ հետ չէ: Հիշում եմ նրան, կարծես' օգնում է այդ պահերին ինձ:
-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Երազանք, մեծ աշխատանք և ինչ-որ տեղ նաև հաղթանակ:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Այն մարդուն, ում նվիրում եմ հաղթանակներս՝ թալիսմանիս:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Այն մարդկանց հետ, ովքեր հպարտանում և ուրախանում են իմ հաղթանակներով:
-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Որպես մեր մարզիկների հաջող և մեդալաշատ խաղեր: