2015թ. Կառավարության որոշումներից մեկով Սիսիան քաղաքում 153,76 քառ. մետր մակերեսով տարածք է տասնհինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել «Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» հասարակական կազմակերպությանը՝ կազմակերպության կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ «Խարիսխ» հասարակական կազմակերպությունը պարտավորվել էր անհատույց օգտագործման պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո տարածքի վերանորոգման և գույքի ձեռք բերման նպատակով երկու տարվա ընթացքում կատարել 1 մլն դրամի չափով ներդրումներ' յուրաքանչյուր տարի հավասարաչափ:
Հաշվի առնելով, որ կազմակերպության կողմից ստանձնած վերանորոգման համար նախատեսած գումարը որոշ հանգամանքների պատճառով ուշանում է, հետագա խնդիրներից խուսափելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը մեկ տարի ժամկետով հետաձգելու խնդրանքով:
Կառավարության նիստում հարցը զեկուցող Պետ. գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանն ասաց, որ ծրագիրն ուղղված է մարզի հաշմանդամների սոցիալական հարցերին և Սյունիքի մարզպետը խնդրանքում նշել է, որ առաջացած ֆինանսական դժվարություններն առաջիկայում կլուծվեն:
Վարչապետը դիմելով Դավիթ Լոքյանին՝ հանձնարարեց, որ զբաղվի այդ հարցով. «Մեկ միլիոնն այն դրամը չէ, որ բերում եք Կառավարություն, հետաձգում եք, կարող է մի տարի հետո բերեք մի հատ էլ հետաձգեք: Եթե մեկ միլիոնը կներդրվի՝ կներդրվի, եթե ոչ՝ հարկավոր է հանել այս սահմանափակումը: Պարզեք՝ ինչով է զբաղվում այդ հաշմանդամների կազմակերպությունը»,- ասաց վարչապետը:
Աբրահամյանը նաև հանձնարերեց չստորագրել՝ մինչև Լոքյանը չզբաղվի. «եթե իրականում գործում է, զբաղվում է հաշմանդամների գործերով՝ պրոբլեմ չեմ տեսնում»,-ասաց նա: