Երեկ Երևանում նիստի էին հավաքվել ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները: Տեղի է ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Շոյգուի առանձնազրույցը:

 

Այս ամենից տեղեկանում ենք, որ շուտովստեղծվելու է հայ-ռուսական միացյալ ինչ-որ զորախումբ, որի առաքելությունը, ճիշտն ասած, այնքան էլ հստակ չէ: Եթե ավելի պարզ խոսենք՝ այդպիսի միացյալ զորախումբ կարծես թե արդեն գոյություն ունի, սակայն պետք էր ինչ-որ բանով կարևորություն հաղորդել Շոյգուի երևանյան այցին, թեկուզ և այն պատճառով, որ նա Հայաստանի մայրաքաղաք էր ժամանել Բաքվից, որտեղ վիրտուալ համաձայնությունների փոխարեն, առարկայացնում էր ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները:


ՀԱՊԿ պաշտպանության նախարարների երևանյան նիստում մեկ տասնյակին մոտ հարցեր են քննարկվել: Եվ միայն այն հանգամանքը, որ դրանց շարքից բացակայում է Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջական պարբերական դարձած ոտնձգությունների հարցը, հուշում է, որ Հայաստանը սխալ դաշնակիցներ է ընտրել, սխալ կողմնորոշման կամ պարտադրանքի հետևանքով:

 

Եթե երկիրը մաս է կազմում անվտանգության մի համակարգի, որի մյուս մասնակիցներն անտարբեր են նրա անվտանգության հանդեպ, ապա դա ինքնին լուրջ մարտահրավեր և սպառնալիք է:

 

Սակայն միամտություն է կարծել, որ միայն ՀԱՊԿ ձևականությունն ու չկայացվածությունն են վտանգում Հայաստանի անվտանգությունը:

 

Շատ ավելի սարսափելի է գիտակցել, որ ՀԱՊԿ առաջատար երկիրը՝ Ռուսաստանը,  որը նաև ֆորմալ առումով մեր ռազմավարական գործընկերն է, ոչ միայն ակտիվորեն սպառազինում է մեր հակառակորդ Ադրբեջանին՝ դրա ծավալը հասցնելով հինգ միլիարդ դոլարի, այլ որակապես խորացնում է իր ռազմական հարաբերությունները Բաքվի հետ՝ դրանք փոխադրելով ռազմատեխնիկական ոլորտ:

 

Չնայած այն հանգամանքին, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում էր, օգոստոսի 12-ին Մոկսվայում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Բաքիր Հասանովը՝ երևանյան հանդիպումից առաջ չնախատեսված երկօրյա այցով Բաքու ժամանեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

 

Սեպտեմբերին սպասվում են ռուս-ադրբեջանական նոր համաձայնագրեր, ըստ որոնց, նախատեսվում են Ադրբեջանում բացել ռուսական խոշորագույն ռազմական ընկերության սպասարկման կենտրոն, որում վերանորոգվելու են հարևան երկրի ռազմական և քաղաքացիական ուղաթիռները: Հաջորդ տարի ՌԴ-ն Ադրբեջանին կվաճառի Ռուսլան տեսակի բեռնատար ինքնաթիռ, մեր հակառակորդ երկրում կբացվի ինքնաթիռների հավաքման գործարան:


Քառօրյա պատերզամի օրերին, երբ Ռուսաստանի փոխվարչապետ, Դմիտրի Ռոգոզինը Բաքվում  արդարացնում էր Ադրբեջանին սպառազինելու ռուսական քաղքականությունը, մեր ռուսասերները դա վերագրում էին կոնկրետ պաշտոնյայի ադրբեջանամետությանը կամ չարդարացված դատողություններ էին անում, թե իբր Մոսկվան կանխում է Բաքվի ընթացքը դեպի ՆԱՏՕ: Իրականում, Ադրբեջանի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց իրենց օրակարգում չկա:


Իրական փաստն այն է, որ Ռուսաստնաը ոչ միայն Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարն է, այլև նրա դաշնակիցը՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցում:

 

Սա, ի դեպ, լեգիտիմացվում է արդեն ոչ թե ինչ-որ Ռոգոզինի, այլ Վլադիմիր Պուտինի շուրթերով:

 

«Ադրբեջանի պես հարուստ երկիրը զենք կարող է գնել ցանկացած երկրից»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

 

Ճակատագրի հեգնանքով այս հայտարարությունը հնչել է Ռուսաստանի և Հայաստանի նախագահների համատեղ ասուլիսում՝ օգոստոսի 10-ին՝ Մոսկվայում:

 

Հայ-ռուսական վասալային հարաբերությունները բնորոշող այս հայտարարությունը իսկական ապտակ էր Հայաստանի իշխանություններին՝ մեսիջ մեր հասարակությանը, որ ՀԱՊԿ-ն ոչ միայն չի երաշխավորում, այլ վտանգում է մեր անվտանգությունը:

 

ԼՂ հարցում ՌԴ-ն միակողմանի տարածքային զիջումներ է պարտադրում Հայաստանին՝ նրա ընդդիմացող ղեկավարությանը հասկացնելով, որ բանակցային լեզվին կարող է փոխարինել Ադրբեջան մատակարարվող ռուսական զենքի կրակոցը:


Սարգիս Հակոբյան