Գյումրիում Նախագահ Սարգսյանի կրած պարտության հաշվով բավական հետաքրքիր վարկածներ են սկսել շրջանառվել, որոնցից մեկը, որ բավական տրամաբանական ու հիմնավորված է թվում, փորձենք ներկայացնել:

Եվ այսպես, անկախ նրանից, որ մեղքի իրենց բաժինն ունեն բոլոր պատասխանատուները՝ թե՛ մարզպետ Աշոտ Գիզիրյանը՝ առ այն, որ մարզպետների այսօրվա ֆունկցիան ընտրություն կազմակերպելն է, թե՛ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ առ այն, որ միայն «Բուռնաշ» երևույթի պատճառով կարելի է Սերժ Սարգսյանին դեմ քվեարկել, թե՛ քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ այն պատճառով, որ չկարողացավ մյուս ԲՀԿ-ականներին էլ կողմնորոշել այնպես, ինչպես ինքն էր կողմնորոշվել, կա ևս մի պահ, որը մինչ օրս մի տեսակ ուշադրությունից դուրս է թողնվել:

Եվ ուրեմն, ինչպես հայտնի է, Գյումրիում տարիներ առաջ հաստատվեց և տարիներ շարունակ անպատժելիության և համանման այլ երևույթների պատճառով ահռելի չափերի հասավ Վարդան Ղուկասյանի նկատմամբ գյումրեցիների տածած վախն ու սարսափը: Ղուկասյանն իր ձեռքն էր վերցրել այստեղ ամեն ինչ, և որևէ մեկը, ով կհամարձակվեր ինչ-որ բան անել ոչ այնպես, ինչպես հաճելի էր «ֆեոդալին», արժանանում էր համապատասխան վերաբերմունքի: Հետևանքը՝ գյումրեցիների մի ստվար հատվածի հոգեբանական նկարագրի փոփոխություն:

Վարդան Ղուկասյանի պաշտոնանկությունից հետո, սակայն, ինչ-որ բան այստեղ սկսեց շարժվել: Գյումրեցիների մոտ նախ զարմանք առաջացավ, հետո՝ սկսեցին կասկածել, հետո՝ արդեն հարցականով փորձում էին գլխի ընկնել՝ իսկապե՞ս ազատագրվել են, իսկապե՞ս կարող էր գալ այդ օրը, որ թոթափեին Վարդան Ղուկասյանի «լուծը», թե՞ այս ամենը ընդամենը ներկայացում է, և ոչ ավելին:

Ամեն դեպքում, սառույցը շարժվել էր, և նախագահական քարոզարշավի նախօրեին Գյումրիում, ճիշտ է, դժգոհության որոշակի ալիք կար, սակայն դա հաստատ 70 տոկոսանոցը չէր ու հաստատ այդ պահին Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տվողները նման առավելություն չունեին: Գյումրիում սկսել էին հավատալ, թե Վարդան Ղուկասյանի վերջը եկել է, և իրենք վերջապես ազատագրվել են:

Նախագահը գալիս է Գյումրի: Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունենում այն, ինչը պայմանավորում է ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը: Հանդիպումներից հետո ՀՀԿ-ական վերնախավը հավաքվում է ռեստորանում: Այդտեղ տեղի ունեցած և ուշադրության արժանացած միակ դրվագը մինչ օրս Սամվել Բալասանյանին արժանապատվությունից ցածր տեղ նստեցնելն էր, ինչին իբր քաղաքապետի «սրտի՝ ավելի քան նրբին լարերը» չեն դիմանում, և նա թողնում ու դուրս է գալիս:

Որ սա հաստատ նախապես կազմակերպված էր և խիստ որոշակի նպատակ էր հետապնդում, և որ, փաստորեն, հաջողվել էր «օպերացիայի» մեջ ներգրավել նաև նախագահի արարողակարգային բաժնի աշխատակիցներին, փաստ է: Սակայն սրանից զատ մի ուշագրավ երևույթ էլ է գրանցվում այդ ռեստորանային կերուխումի ժամանակ, որն էլ, ըստ էության, երևի թե հետագայում դեր է խաղում ընտրությունների օրը: Հիշյալ ռեստորան հրավիրվում և մինչև վերջ Նախագահի հետ կերուխումին ներկա է գտնվում Վարդան Ղուկասյանը: Փաստորեն, այն, ինչ չէր հաջողվել ներկա քաղաքապետին՝ արժանանալ նախագահի արարողակարգի կարգուկանոնը մշակողների բարեհաճությանը, հաջողվում է նախկինին: Հենց այս մանրուքն էլ որոշակի՝ ընտրությունների արդյունքներից ելնելով, արդեն իսկ կարելի է ասել, բավական զգալի փոփոխություններ է առաջացնում ընտրողների կողմնորոշումներում: Այն, ինչ վրիպում է լրատվամիջոցների ուշադրությունից, չի վրիպում գյումրեցիների սրատես աչքից:

Ո՞վ էր հրավիրել Վարդան Ղուկասյանին ռեստորան: Ի՞նչ էր նշանակում այդ հրավերը: Որ նախկին քաղաքապետը հատկապես հարգվա՞ծ է երկրի Նախագահի կողմից: Ներկա քաղաքապետին նվաստացնելով ու նախկին քաղաքապետին նման պատվի արժանացնելով՝ Սերժ Սարգսյանն ընտրություններից առաջ ինչ-ինչ բանե՞ր էր հասկացնում գյումրեցիներին: Արդյոք Նախագահը տեղյա՞կ էր այս ամենից, և արդյոք հիշյալ օպերացիային ուղորդո՞ղն ու «դաբրո տվողը» պետության առաջին դեմքն էր, դժվար է ասել, բայց որ այս օպերացիան շատ կոնկրետ կազմակերպված լինելով՝ շատ կոնկրետ ազդեցություն ունեցավ գյումրեցիների կողմնորոշման հարցում, նրանց հասկացնելով, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարմամբ իրենց մոտ, միևնույն է, ոչինչ չի փոխվելու, և ինչպես եղել են Վարդան Ղուկասյանից կախվածության մեջ, այդպես էլ կմնան, փաստ է, որն իր անջնջելի հետքը թողեց քվեարկության արդյունքներում: Սերժ Սարգսյան՝ 16 000, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 41 500:

Լուսինե Կեսոյան