«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում Երևանի քաղաքապետարանի բակում կազմակերպվել է «Երևան՝ արևի քաղաք» խորագրով տոնական միջոցառում, որն ուղեկցվել է հայ էստրադայի սիրված երգիչների և երգչուհիների' Երևանին նվիրված բազմաթիվ կատարումներով, որոնց մեծ մասն, ի դեպ, եղել են պրեմիերաներ: Միջոցառմանը ներկա երևանցիներին, մայրաքաղաքի տոնի առիթով Երևան ժամանած պատվիրակությունների անդամներին ու հյուրերին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս նկատել է, որ քաղաքամայր Երևանն իր հերթական տարեդարձը նշում է շոշափելի ձեռքբերումներով, որում, անշուշտ, մեծ է նաև սրտացավ ու նվիրված բնակիչների ներդրումը:
«Մշակութային, հոգևոր ահռելի ժառանգություն ուենցող համայն հայության մայրաքաղաքն այսօր տոնում է իր ծննդյան 2798-րդ տարեդարձը: Քիչ քաղաքներ կան, որոնք, ունենալով հազարամյակների պատմություն, միևնույն ժամանակ կայուն զարգացող, տարեցտարի առաջընթաց արձանագրող ժամանակակից քաղաքներ են: Հպարտությամբ պետք է արձանագրենք, որ հնամենի մեր մայրաքաղաքն, այնուամենայնիվ, միշտ մնում է երիտասարդ, գործուն, զարգացող, ժամանակին համահունչ ու ներկայանալի: Եվ դա շնորհիվ սերունդների, որ ապրում ու արարում են մայրաքաղաքի հանդեպ սիրո և պարտքի գիտակցումով՝ ոչ միայն այն պահպանելու, այլ ավելի գեղեցիկն ու լավը դարձնելու ջանքով, նվիրումով ու այն սերունդներին փոխանցելու պատասխանատվությամբ:
Հերթն այսօր մերն է, ու մենք պետք է շարունակենք անել ամեն հնարավորը՝ հաջորդ սերունդներին ավելի բարեկարգ ու հարմարավետ, ծաղկող ու գեղեցիկ քաղաք փոխանցելու համար: Այսօր վստահորեն պետք է փաստենք, որ գնալով ավելի ակնառու են դառնում մեր բնակչության առօրյա հոգսերի, շրջակա միջավայրի, սոցիալ-կենցաղային տարաբնույթ խնդիրների բավարարման, դրանց հետզհետե լուծման օրինակները։ Տարեցտարի գունառատ ու հագեցած է դառնում մայրաքաղաքային առօրյան՝ համալրվելով ոչ վաղ անցյալում դեռ երազ թվացող, բայց այսօր արդեն իրականություն դարձած նախաձեռնություններով ու մտահղացումներով, որոնցից շատերը հարազատորեն դարձել են նաև ավանդական, սպասված ու ցանկալի:
Համայն հայության մայրաքաղաքի ծննդյան օրը նաև առիթ է, որ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը հպարտանա իր հնամենի քաղաքով, նրա ձեռքբերումներով և ի լուր ամենքի հայտարարի՝ Արևի քաղաք Երևանը նախ ի՛ր տունն է, ի՛ր հարազատ օջախը, իր զավակների հանգրվանը: Այս օրը նաև բարությամբ, սիրով ու հարգանքով լցվելու և այդ ամենը միմյանց ու մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու, առօրյա հոգսերը մի կողմ թողնելու և սրտանց ուրախանալու հրաշալի առիթ է: Առիթ՝ մեկ անգամ ևս վերահաստատելու, որ նույն ջերմությամբ ու սիրով, նույն նվիրվածությամբ ու հոգատարությամբ պետք է վերաբերվենք մեր քաղաքին՝ շարունակելով շենացնել այն: Հարգարժա՛ն գործընկերներ, սիրելի՛ հյուրեր ու Երևան քաղաքի բարեկամներ, շնորհակալ եմ նաև ձեր ներկայության և բարեմաղթանքների համար: Կասկածից վեր է, որ մեր քաղաքների կայուն զարգացման գլխավոր երաշխիքը խաղաղությունն է և այսօր, հնամենի մեր քաղաքի ծննդյան օրվա առիթով իմ մաղթանքն ու ցանկությունն է, որ բոլոր քաղաքներն այդ երաշխիքի ներքո զարգանան ու զարգացումն այդ ծառայեցնեն ի բարօրություն մեր բնակիչների: Մեկ անգամ ևս շնորհավորելով միմյանց, լիասիրտ ասենք՝ Շնորհավո՛ր տոնդ, Արևի՛ քաղաք։ Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն», - նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն